Մատչելիության հղումներ

Սպանություն Սայաթ-Նովա պողոտայում


Շաբաթ օրը ժամը 13:00-ի մոտակայքում Երեւանի Սայաթ-Նովա 37 հասցեում տեղակայված սանտեխնիկայի խանութի առջեւ «Նիվա» ավտոմեքենայից իջնելիս հրազենից սպանվել է «Քաղցրիկ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանը:

Դեպքի առիթով Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որը վարում է ավագ քննիչ Վահե Հովհաննիսյանը. Դեպքից մոտ ժամուկես անց, երբ դեռ համապատասխան քննչական գործողությունները դեպքի վայրում ամբողջովին չէին ավարտվել, նա լրագրողների հետ զրույցում ավելացրեց նաեւ, որ Աշոտ Վարդանյանի ինքնությունը պարզել են նրա մոտ հայտնաբերված անձնագրով:

«Դեռեւս մանրամասներ հայտնել չեմ կարող: Որոշակի վարկածներ առաջ քաշել չեմ կարող, կատարվում է նախաքննություն», - ասաց Վահե Հովհաննիսյանը:

Երեւան քաղաքի ոստիկանության վարչության պետ Ներսես Նազարյանը, որը նույնպես դեպքի վայր էր ժամանել, «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում ասաց. - «Սպանվածի կողքին պարկուճ է հայտնաբերվել, սպանությունը կատարվել է ատրճանակից: Իր հետ եղել են մարդիկ, ովքեր տեսել են, թե ինչպես է մարդասպանը փախուստի դիմել»:

Հավաքվածների մեջ խոսում էին երկու կրակոցի մասին:

Սա վերջին տարիներին չորրորդ դեպքն է Սայաթ-Նովա փողոցի ոչ շատ մեծ հատվածում: Անցյալ տարի սպանվեց ամերիկացի Ջոշուա Հագլանդը, 2003-ին, վերջին դեպքի վայրից քիչ ներքեւ՝ քարե կամարի տակ հրազենից սպանվեց ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկան Կարեն Մկրտչյանը, մի քանի տարի առաջ, իր բնակարանի մուտքում՝ ռազմական ոստիկանության պետ Վահրամ Խորխոռունին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG