Մատչելիության հղումներ

Փակել են «Ժառանգություն» կուսակցության գրասենյակը


Շաբաթ օրը կեսօրին Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում տեղակայված «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտով անցնող մարդիկ նկատել են, որ 3 հոգի կոտրում են գրասենյակի դռան փականը եւ նոր փական տեղադրում: Մի քանի րոպե հետո այնտեղ են ժամանել կուսակցության ներկայացուցիչները, որոնց տեսնելով փականը կոտրողներից 2-ը հեռացել են, իսկ մյուսը չի հասցրել: Պարզվել է, որ փականը կոտրողներից մեկը թատրոնի գլխավոր ինժեներն է:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այս ամենի հիմքում քաղաքական դրդապատճառներ են: Ըստ նրա, օգտվել են այն բանից, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երկրում չէ եւ որոշել են փակել գրասենյակը: «Դռները կոտրել են, ներս են մտել: Չգիտենք՝ որքա՞ն ժամանակ են ներսում եղել, ինչ են հանել ներսից: Գիտենք միայն, որ հետո պլոմբել են դուռը եւ հիմա նրանց պլոմբն է դրված: Մեզ համար ակնհայտ է, որ սա քաղաքական պատվեր է», - նշեց Հովսեփ Խուրշուդյանը:

Ըստ ներկաների, թատրոնի շենքն ազատելու կոչ իրենց մեկ անգամ չէ, որ արվել է: Կուսակցությունը, սակայն հրաժարվել է: «Մի քանի անգամ տնօրենը մեզ ասել է՝ դուրս եկեք: Թատրոնի հետ մեր պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 1-ին, բայց միեւնույն է, նրանք պնդում են, որ դուրս գանք», - ասաց «Ժառանգություն» կուսակցության ստուգիչ հանձանաժողովի նախագահ Կարապետ Գալենչյանը:

Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իր հրամանով են փոխել կողպեքները եւ 3 փոխողներն էլ թատրոնի աշխատակիցներ են եղել: Նա նաեւ հավաստիացրեց, որ որեւէ քաղաքական դրդապատճառ չկա: Թատրոնի շենքի սեփականության իրավունքը՝ կառավարության որոշման համաձայն, փոխանցվում է պետական գույքի կառավարման վարչությանը: Վերջինս էլ պահանջել է, որ շենքի հանձման պահի որեւէ այլ գրասենյակ այնտեղ չլինի: «Թող գնան եւ պայմանագիր կնքեն պետական գույքի կառավարման վարչության հետ, ես որեւէ խնդիր չունեմ», - ավելացրեց թատրոնի տնօրենը:

Ինչ վերաբերում է գրասենյակի տարածք առանց թույլտվության մտնելուն, Կարապետ Շահբազյանը հավաստիացրեց, որ իրենք գրասենյակ մուտք չեն գործել: «Իրենց դուռը չի բացվել, ուղղակի իրենց փականին եւս մեկ կողպեք է ավելացվել: Այդ դեպքում ոչ ես կարող եմ առանց իրենց դուռը բացել, ոչ էլ իրենք՝ առանց ինձ», - ասաց թատրոնի տնօրենը:


Նարեկ Գալստյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG