Մատչելիության հղումներ

logo-print

Լեւոն Մկրտչյան. «Քոչարյանի ելույթը պատասխան էր ռազմատենչ հայտարարություններին»


Ուրբաթ օրը կառավարող կոալիցիայի ղեկավար ներկայացուցիչները պաշտպանեցին երեկվա հարցազրույցում նախագահ Քոչարյանի հայտարարությունը, որ բանակցությունների ձախողման դեպքում Հայաստանը կարող է դե յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

«Դա պատասխան էր [Ադրբեջանի] ռազմատենչ հայտարարություններին, եւ Դաշնակցությունը միշտ եղել է այդ տեսակետին, որ մեզ ոչ ոք չի կարող վախեցնել պատերազմի հեռանկարով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը՝ շարունակելով. - «Որովհետեւ մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը, իսկ նա, ով պիտի սկսի պատերազմ, փորձելու է գրավել ուրիշ ժողովրդի հայրենիք»:

Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար ալուստ Սահակյանի անձնական կարծիքով՝ դա «պատերազմի հայտարարում է»: Ճշտող հարցին, թե նախագահ Քոչարյանի երեկվա ասածները պատերազմի հայտարարությո՞ւն են, Սահակյանը պատասխանեց. - «Ընդհանրապես, նման գաղափարախոսությունը, որ Հայաստանը իր օրենքների շրջանակներում միավորված համարի Ղարաբաղին, կարծում եմ, խնդրի լուծում չէ: Պատերազմը լուծում չի տալու: Ցանկացած պատերազմից հետո նորից որոշումները կայացնում են դիվանագիտական փոխհարաբերություններով»:

Լեւոն Մկրտչյանը կիսում է Սահակյանի այս վերջին տեսակետը. - «Բավականին մշուշոտ է պատերազմով հարց լուծելը: Ի վերջո, պատերազմի արդյունքը պիտի լինի ինչ-որ հաշտության պայմանագիր կամ կապիտուլյացիայի պայմանագիր: Երկու դեպքում էլ կամ պիտի Ադրբեջանը վերջնական կապիտուլյացվի, որովհետեւ մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, կամ հաշտությամբ պիտի ստիպված լինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Կոալիցիոն մյուս գործընկեր «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար անդամ, Աժ մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը չի կարծում, թե «այդպիսի սցենար կա». - «Բանակցությունների միջոցով հարցի լուծմանը մոտենալու հնարավորությունները կան»:

Նախագահի հարցազրույցում «պատերազմը չբացառելու նոտա» է տեսնում նաեւ Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը:

«Ե’վ Ադրբեջանի, ե’ւ Հայաստանի իշխանությունները չեն ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որը կարող է հանգեցնել նրանց իշխանության տապալմանը», - «Արդարություն» դաշինքի անունից ասաց Վիկտոր Դալլաքյանը: - «Ուստի մենք կարծում ենք, որ այն ստատուս քվոն, որը այսօր ստեղծվել է, ձեռնտու է գործող իշխանություններին ե'ւ Ադրբեջանում, ե’ւ Հայաստանում»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG