Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Բանակցությունների ձախողման դեպքում Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ-ն»


«Եթե բանակցությունները Ադրբեջանի հետ ձախողվեն, Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», - հինգշաբթի երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Հայաստանի նախագահը:

Ռոբերտ Քոչարյանը նշեց նաեւ, որ բանակցությունների ձախողման դեպքում Հայաստանը իրավական հիմքեր կստեղծի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ցանկացած ոտնձգություն ընկալվի որպես ոտնձգություն Հայաստանի նկատմամբ:

«Կամրապնդվի նաեւ Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգության գոտին», - ասաց նախագահը՝ ավելացնելով. - «Ես չեմ ուզում բացել փակագծերը»:

Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ Ռամբույեի բանակցություններում չի հաջողվել համաձայնության հասնել մեկ հարցի շուրջ: Նախագահը չմանրամասնեց:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի նախագահը նշեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ բանակցությունները, եւ «երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո պարզ կլինի, թե ինչ տեմպերով են ընթանալու բանակցությունները»:

Նա դրական գնահատեց աշխարհում զարգացող միտումները այն առումով, որ «գնալով ավելի մեծ ուշադրություն է դարձվում ազգային ինքնորոշման սկզբունքին»: Քոչարյանը վկայակոչեց Էրիտրեայի, Արեւելյան Թիմորի, Կոսովոյի, Մոնտենեգրոյի, Պաղեստինի եւ Սուդանի օրինակները:

Օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է դուրս գա բանակցություններից եւ իր տեղը զիջի Ղարաբաղին: Ռոբերտ Քոչարյանը այսօր կարծիք հայտնեց, որ «Հայաստանի ներգրավվածությունը շատ ավելի բարձր մակարդակի է բարձրացնում հայկական կողմի ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործընթացում»:

Դիմելով ղարաբաղցիներին՝ Քոչարյանը ասաց. - «Դուք պետք է անհանգստանաք այն ժամանակ, երբ Հայաստանի նախագահը խուսափի պատասխանատվությունից»:

Փարատելով Հայաստանում առաջացած մտահոգությունները նախագահ Պուտինի՝ Բաքվում արած հայտարարության կապակցությամբ, թե Մոսկվա կհրավիրի Ռոբերտ Քոչարյանին՝ Հայաստանի նախագահը ասաց, որ «շատերի մոտ դավադրության տպավորություն է ստեղծվել»: «Այդպես չէ», - հավելեց Քոչարյանը: - «Մեր հարաբերությունները Ռուսաստանի եւ Պուտինի հետ բացառում են նման դրսեւորումներ»:

Հայաստանի նախագահը անդրադարձավ նաեւ Ադրբեջանում վերջերս ավելի եւ ավելի հաճախ հնչեցվող ռազմաշունչ հայտարարություններին: «Եթե Ադրբեջանը գտնում է, որ ժամանակը աշխատում է իր օգտին, ապա ինչո՞ւ է մասնակցում բանակցություններին», - տարակուսեց Քոչարյանը:

Նրա կարծիքով, հակամարտության ցանկացած լուծում ենթադրում է «դժվար որոշումների կայացում». - «Եթե դու պատրաստ չես նման որոշումներ կայացնել, ապավինում ես հենց այդ փաստարկին՝ ժամանակը մեր օգտին է աշխատում»:

«Նավթ ունենալը դեռ չի նշանակում արդյունավետ տնտեսություն եւ մարտունակ բանակ ունենալ», - հավելեց Հայաստանի նախագահը՝ եզրակացնելով. - «Բարեփոխումներն են որոշում երկրի նշանակությունը տարածաշրջանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG