Մատչելիության հղումներ

Բաղդասարյանը պահանջում է դադարեցնել պատգամավորի «անհիմն իրավական հետապնդումը»


Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը խորհրդարանի նիստերի դահլիճում Ազգային Ժողովի ղեկավարության անունից մտահոգություն եւ վրդովմունք փոխանցելով պատգամավոր Գագիկ Ավետյանի հետ կատարվածի առիթով, հինգշաբթի օրը ասաց. - «Կարծում եմ, որ պետք է անհապաղ դադարեցվի պատգամավորի նկատմամբ անհիմն իրավական հետապնման դեպքը: Մանավանդ, որ մարդիկ այն համարում են քաղաքական՝ կապված պատգամավորի քաղաքական գործունեության հետ»:

«Ինքս ճանաչում եմ Գագիկ Ավետյանին որպես սկզբունքային, անաչառ, շիտակ [մարդ]: Եվ բոլորս էլ գիտենք, որ նա ո’չ օլիգարխ է, ո’չ էլ մեծ ծավալների բիզնեսմեն», - ասաց Արթուր Բաղդասարյանը: - «Նա աշխատավարձով ապրող մարդ է»:

Երեքշաբթի օրը «Օրինաց Երկիր» խմբակցության անդամ, պատգամավոր Գագիկ Ավետյանը հայտարարել էր, որ նույն օրը իրենց տանը խուզարկություն էին իրականացրել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատակիցները՝ առանց դատարանի համապատասխան որոշման:

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Ավետյանը մի անգամ եւս կասկած հայտնեց, որ իրեն պարզապես հետապնդում են քաղաքական գործունեության համար, մասնավորապես՝ Սահմանադրական դատարան ներկայացված՝ Կենտրոնի կառուցապատման օրինականությունը քննելու հայցից իր ստորագրությունը հետ չվերցնելու համար:

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության բովանդակությունից բխում էր, որ գործողությունները թելադրված են եղել ավտոպահեստամասերի՝ ապօրինի ձեռնարկատիրության հետ կապված կասկածներով, հավաքվում են նյութեր: Ավետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել էր դա՝ կասկած հայտնելով, որ դրանով հենց կազմակերպված հանցավորություն դեմ պայքարի վարչությունն է զբաղվում:

«Օրինաց Երկիր» կուսակցությունը միջադեպի առիթով այսօր ավելի ուշ կընդունի պաշտոնական հայտարարություն:

Պաշտպանության հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ մտադիր է խորհրդարան հրավիրել ոստիկանության ներկայացուցիչների՝ դեպքի առիթով պարզաբանումներ ստանալու համար:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG