Մատչելիության հղումներ

Աճել են թմրանյութերի հետ կապված հանցագործությունների դեպքերը


Հայաստանի ոստիկանության տվյալներով, 2005 թվականին հայտնաբերվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 737 դեպք, ինչը մոտ 80 տոկոսով ավելի է, քան 2004-ին:

Հայտնաբերված դեպքերի մոտ 55 տոկոսը կազմել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 10 տոկոսով: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության վիճակագրության հստակ աճ կա նաեւ 2003 - 2004 համեմատության մեջ: Հարկ է նշել նաեւ, որ սրանք ընդամենը բացահայտված դեպքերն են:

«Միշտ է շահարկվում է, որ Հայաստանում ավելի քիչ սուր է խնդիրը, քան ԱՊՀ մյուս երկրներում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանրապետական նարկոլոգիական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: - «Իրականում այդպես է... Բայց մենք ունենք խնդիր»:

Նրա փոխանցմամբ, այսօր Երեւանում հաշվառված է 60 թմրամոլ: Քանիսն են Հայաստանում այսօր իրականում կախվածության մեջ թմրամիջոցներից, ոչ ոք հստակ չի կարող ասել: Տարբեր փորձագիտական տվյալներով, այդ թիվը կարող է հասնել մի քանի հազարի: - «Դիտարկումները ցույց են տալիս, որ հիմնականում տարածված են կանեփի խմբի թմրամիջոցները՝ հաշիշը եւ մարիխուանան, բայց մեզ դիմում են հիմնականում ներերակային սրսկվող թմրամոլները»:

«Իհարկե, ես խուսափում եմ ասել, որ շատ մեծ աճ կա, բայց որ աճ կա, ինձ թվում է, ակներեւ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Անդրկովկասում թմրամոլության դեմ պայքարի ծրագրի հասարակական կազմակերպությունների ցանցի հայաստանյան համակարգող Արթուր Պոտոսյանը:

Եվրամիության եւ ՄԱԿ ի ֆինանսավորմամբ 2005 թվականին անցկացվել է համապատասխան հետազոտություն, որտեղ, հաշվի առնելով հարցի նրբությունը, թմրամոլության վերաբերյալ հարցերը զգուշավորությամբ են ձեւակերպվել. մոտ 3800 մարդու հարց է ուղղվել՝ դուք անձամբ ճանաչո՞ւմ եք մարդ, որ օգտագործում է թմրամիջոց: Հարցվածների մոտ 5,5 տոկոսը պատասխանել է, որ ճանաչում է հաշիշ կամ մարիխուանա օգտագործողների, մոտ 1 տոկոսը՝ կոկաին օգտագործողների, մեկ տոկոսից ավելին ճանաչում է Էքստազի, ամֆետամիններ կամ հերոին օգտագործողների:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG