Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության եւ «Ժողպատգամավոր» խմբի հենքի վրա կուսակցություն կստեղծվի: «Նման կուսակցության հասարակական պահանջ կա», - ասել է գլխավոր դատախազը՝ ակնարկելով, որ ստեղծվող կուսակցության մեջ ինքը չի լինելու: «Չնայած սրան», - հավելում է թերթը, - «ակնհայտ է, որ ստեղծվելիք կուսակցության դե ֆակտո լիդերը լինելու է հենց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Սա նշանակում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանա, որ ստեղծվելիք կուսակցությունը չկայանա, ընդամենը պետք է Հովսեփյանին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատելու հրամանագիր ստորագրի, ինչպես վարվեց «Նոր Երկիր» կուսակցության նախաձեռնող խմբի նախագահ Արտաշես Թումանյանի հետ: Եվ միայն այսօրինակ քայլից հետո պարզ կլինի, թե ինչ հասարակական պահանջի մասին է խոսում Աղվան Հովսեփյանը»:

«Օրինաց Երկիր» կուսակցության գլխին այս օրերին սեւ-մութ ամպեր են կուտակվում: ՕԵԿ անդամ պատգամավորներն այս օրերին սկսել են հալածանքների ենթարկվել», - ընդգծված ներկայացնում է «168 ժամ»-ը՝ շարադրելով պատգամավոր Գագիկ Ավետյանի հետ տեղի ունեցած միջադեպը, երբ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ, առանց դատարանի համապատասխան որոշում ցույց տալու, ներխուժել են պատգամավորի բնակարան ու խուզարկություն իրականացրել»: Թերթի փոխանցմամբ, խորհրդարանականների մի որոշ մասն այն կարծիքին է, որ այս ամենը քաղաքական ֆարս է:

«ՕԵԿ անդամի հրապարակային խուզարկությունը կարող է նշանակել, որ Ռոբերտ Քոչարյանի համար լուծված է իրավահաջորդի հարցը, ու այդ հրավահաջորդն առնվազն Արթուր Բաղդասարյանը չէ», - հեռուն գնացող հետեւության է հանգում «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը՝ այս պահի համար արձանագրելով. - «Իշխանություն-ՕԵԿ՝ այս որակի առաջին հրապարակային բախումն արդեն տեղի է ունեցել, երբ իշխանությունն իր մաս կազմող կուսակցության դեմ աշխատում է այն մեթոդներով, որով սովոր է աշխատել ընդդիմության դեմ»։ Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը «168 ժամ»-ի թղթակցին ասելով, թե իրեն հայտնի չեն կատարվածի մանրամասները, ամեն դեպքում անընդունելի է համարում «պատգամավորի տուն որեւէ ոստիկանական ծառայության կողմից այդպես ներխուժելը»: «Առավոտ»-ում պատգամավոր Մանուկ Գասպարյանը վրդովված սպառնում է. - «Եթե իմ տուն մտած լինեին՝ ես զենք ունեմ, ուղղակի կկրակեի, քանի որ մտել են իմ անձեռնմխելի տարածք: Ես ինքս «սամասուդ» կանեի եւ հարցերը կլուծեի»:

Ներկայացնելով ոստիկանության հաղորդագրությունը՝ «168 ժամ»-ը նկատում է. - «Ոստիկանությունը չի հերքել իր հասցեին հնչեցրած այն մեղադրանքները, թե Գագիկ Ավետյանի բնակարանը խուզարկվել է առանց դատարանի համապատասխան որոշման»:

«Ֆեոդալիզմը, հետեւաբար, հիմնավորապես արմատավորվել է մեր արյան մեջ», - ախտորոշում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Հասկանալի է, որ ֆեոդալիզմի ժամանակ իշխանությունների տարանջատում չկա: Այն, ինչ կոչվում է «պառլամենտ», «դատարան», «դատախազություն», «հանձնաժողով», «օմբուդսմեն», մեր դեպքում թագավորական ինստիտուտի ստորաբաժանումներ են: Այդ Նորվեգիայում է օմբուդսմենը օմբուդսմեն, մեզ մոտ նա լավագույն դեպքում «նառոդնի կանտրոլի» բաժնի վարիչ է: Իսկ եթե այդպիսին չի ուզում լինել, թագավորը նրան հանում է գործից»: «Ենթադրենք, թագավորին դուր չի գալիս որեւէ հեռուստաընկերություն», - շարունակում է խմբագիրը: - «Այդ դեպքում նա կեսբերան ասում է իր վեզիրներից մեկին. «Սրանց ձայնը կտրեք»: Մնացածը տեխնիկայի հարց է. Գ. Ամալյանի նման համակրելի երիտասարդներ մեզանում միշտ էլ կգտնվեն: Կամ Ազգային ժողովի պատգամավորը հրաժարվում է ստորագրել վեզիրներից մեկի կողմից դեմ տված թուղթը: Թագավորն ասում է. «Սրա հերն անիծեք»: Եվ նրա մոտ ուղարկում են «6-ը», որը ղեկավարում է նույնքան համակրելի Ա. Գիզիրյանը»:

«Ազգ»-ի հարցազրույցում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին ասում է. - «Հայկական եկեղեցիների վերադարձման կամ այդ հարցն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ է միայն վրաց պետության քաղաքական կամքը»:

Անդրադառնալով «Այրեքս Հայաստան» կազմակերպության կողմից անցկացված հեռուստաեթերի մոնիթորինգի արդյունքներին՝ «168 ժամ»-ը նշում է. - «Տվյալների առաջին ուսումնասիրությունները հետաքրքիր են. թե’ հայ, թե’ օտար մասնագետների համար անակնկալ էր, որ մենք չափավոր հեռուստադիտող ենք: Երեւանում հեռուստացույց դիտում է հնարավոր հեռուստալսարանի առավելագույնը 55-60 տոկոսը: Հաջորդ հետաքրքրիր փաստն այն է, որ հեռուստաշուկայում առաջատար չկա: Ամենադիտվող հեռուստաընկերության դերին շատերն են հավակնում»:

Փաստելով, որ հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները շարունակում են իրենց եթերում օղու արգելված գովազդ հեռարձակել, ինչը ուղղակի օրենքով արգելված է՝ «Հայկական ժամանակ»-ը նկատում է. - «Սրան զուգահեռ խիստ սկզբունքային ՀՌԱ հանձնաժողովը լռություն է պահպանում եւ, ըստ էության, եթերային այս բեսպրեդելը կանգնեցնելուն ուղղված քայլ չի անում: Սա նշանակում է, որ խնդիրը շատ ավելի խորն է, քան սովորական օրինազանցությունը եւ լիազոր մարմնի «կարճատեսությունը»: «Իշխանությունները ամեն ինչ անում են, որ հեռուստաընկերությունները եւ նրանց տերերը հարստանան հատկապես ապօրինի եկամուտների հաշվին», - շարունակում է թերթը: - «Նման աղաղակող ապօրինությունը եւ այդ ապօրինության բերած մեծ փողերը հեռուստաընկերություններին դարձնում են խիստ վերահսկելի... Եվ ճիշտն ասած, չենք զարմանա, եթե պարզվի, որ օղու գովազդի քվոտաները սահմանվում են նախագահական նստավայրում, որտեղ եւ որոշվում է, թե որ հեռուստաընկերությունը որքան օղու գովազդի պատվեր պետք է ստանա»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG