Մատչելիության հղումներ

Լարիսա Ալավերդյան. «Շարունակելիության ապահովումը կլիներ շատ ավելի անվիճելի, քան նոր հարցադրումը»


Հայաստանի Սահմանադրական դատարանում Բուզանդի, ինչպես նաեւ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների հարցով նոր դիմում ներկայացնելու նպատակով Ազգային ժողովի «Ժողպատգամավոր» խմբի անդամները չորեքշաբթի հանդիպել էին Հայաստանի մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Նա խոստացել է 1-2 օրվա ընթացքում հիմնավորված դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան:

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե անցած տարեվերջին խնդրի շուրջ Սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում կար հստակ տրամաբանություն: «Մենք մեջբերումներ էինք արել այն որոշումներից, որոնց վրա ժամանակին հիմնվել են թե' դատարանները, թե' պատկան մարմինները, երբ, մեր տեսանկյունից, մարդու իրավունքների խախտումներով օտարել են այդ տարածքները»:

Նրա կարծիքով, առայժմ հստակ չէ, թե նոր պաշտպանի նոր դիմումի տրամաբանությունը որն է լինելու: «Շարունակելիության ապահովումը կլիներ շատ ավելի անվիճելի, քան նոր հարցադրումը: Չգիտեմ, Արմեն Հարությունյանի դիմումը ի՞նչ է պարունակելու եւ ընդունվելու է արդյո՞ք Սահմանադրական դատարանի կողմից», - կարծում է Լարիսա Ալավերդյանը:

Բուզանդի փողոցի նախկին բնակիչների հարցը քննարկելու համար Սահմանադրական դատարան էին դիմել ԱԺ պատգամավորները: Այդ դիմումը, սակայն, Սահմանադրական դատարանը չքննարկեց, որովհետեւ դիմումը ստորագրած պատգամավորներից 6-ը հետ վերցրեցին իրենց ստորագրությունները: Նրանցից 5-ը «Ժողպատգամավոր» խմբի անդամներ էին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG