Մատչելիության հղումներ

Այսօր ծննդյան 75-ամյակն է նշում Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Քաղաքական վերլուծաբանները նշում են, որ նա մեծ հարգանք է վայելում հատկապես Արեւմուտքում, որտեղ մարդիկ հավատում են, որ նրա շնորհիվ է ժողովրդավարությունը մուտք գործել կոմունիստական կայսրություն: Մինչդեռ, Ռուսաստանում նրան շատերն առ այսօր քննադատում են՝ պնդելով, թե Գորբաչովի ջանքերով է կազմալուծվել հզոր երկիր ԽՍՀՄ-ը:

Միխայիլ Գորբաչովը Խորհրդային Միությունը ղեկավարել է 1985 թվականից մինչեւ պետության կործանումը՝ 1991 թվականը: Այսօր Գորբաչովն աջակցում է Վլադիմիր Պուտինին՝ ասելով, թե նախագահը կանխել է Ռուսաստանի կազմալուծումը: «Ինձ համար հասկանալի են Պուտինի առջեւ ծառացած դժվարությունները: Նա քաոս էր ժառանգել, մենք պարտավոր ենք արժանին հատուցել Պուտինին, որովհետեւ բոլոր թերություններով, սխալներով հանդերձ, նա, ի վերջո, կարողացավ երկիրը դուրս հանել քաոսից: Չէ՞ որ Ռուսաստանին կազմալուծում էր սպառնում», - ասել է Միխայիլ Գորբաչովը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հարցազրույցում:

Հայաստանի նախկին վարչապետ ու պաշտպանության նախարար, ԱԺՄ ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Վազգեն Մանուկյանը Գորբաչովին համարում է «համաշխարհային պատմության ամենամեծ քաղաքական գործիչներից մեկը»:

«Ինչ-որ իմաստով նա փրկեց աշխարհը, որովհետեւ Խորհրդային Միությունը եթե չփլուզվեր, կլիներ զարգացման մեկ ուրիշ տարբերակ, որն աշխարհը կարող էր Աստված գիտի ինչ վիճակի հասցնել: Կարելի է նրան քննադատել, թե այս կամ այն ռեֆորմը հնարավոր էր այլ կերպ իրականացնել, եւ, այնուամենայնիվ, պատմության մեջ տեղի ունեցավ մեծ հեղաշրջում եւ դրա հեղինակը Գորբաչովն էր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վազգեն Մանուկյանը:

Անդրադառնալով Գորբաչովի դերակատարությանը Ղարաբաղի խնդրում, ԱԺՄ ղեկավարն ասաց, թե «հայ ժողովրդի մեծ մասը տրամադրված էր Միխայիլ Սերգեեւիչի դեմ, քանզի նա միանգամից այդ հարցը չէր լուծել, բայց այն միանգամից լուծել, երեւի, հնարավոր չէր»:

«Սակայն Գորբաչովի օրոք հնարավոր եղավ Ղարաբաղի հարցը բարձրացնել: Ինքը ոչ մի բանով մեզ պարտական չէր, որ մեր ուզածը միանգամից իրականացներ: Չնայած վերջում պարզվեց, որ Գորբաչովի առաջարկած լուծումները սկսեցին ճոճել նավակը՝ Խորհրդային Միությունը, եւ ի վերջո, միգուցե, ավելի մեծ վնաս բերեցին այդ երկրին: Եվ այնուամենայնիվ ես չեմ ուզում նրան այսպես գնահատել՝ «մեզ համար լավ բան է արել, ուրեմն լավն է, չի արել՝ ուրեմն վատն է»: Դա ճիշտ գնահատական չէ», - եզրափակեց Վազգեն Մանուկյանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG