Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայռուսգազարդ» եւ «Տրանսգազ» ընկերությունները դիմել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ինչպես գազի, այնպես էլ սպասարկման որոշ ծառայությունների սակագները վերանայելու առաջարկությամբ։ Ներկայացված նոր հայտով առաջարկվում է դրանք գրեթե կրկնակի բարձրացնել», - տեղեկացնում է «Հայոց Աշխարհ»-ը: Նշելով, թե դրանք ուժի մեջ մտնելու համար պետք է անցնեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովով, եւ այդ գործընթացը տեւում է մինչեւ 90 օր, թերթը հավելում է. - «Իհարկե, դա չի նշանակում, որ հանձնաժողովը չի կարող այդ աշխատանքները կատարել ավելի սեղմ ժամկետում, ասենք, մեկ կամ երկու ամսում։ Թերեւս նման արագացված ռեժիմով կնայվի գազի սակագնի փոփոխության վերաբերյալ «Հայռուսգազարդ» եւ «Տրանսգազ» ընկերությունների ներկայացրած սակագնային փոփոխության հայտը, որպեսզի արդեն ապրիլի 1ից, երբ ավարտվի Հայաստանին տրված արտոնյալ ժամկետը, միանգամից ուժի մեջ մտնեն գազի նոր սակագները»։ «Եթե Հայաստանին տրված ժամկետը մինչեւ ապրիլի 1-ն է, ուրեմն պետք է ենթադրել, որ սակագնի փոփոխման մասին որոշումը կկայանա մեկամսյա ժամկետից էլ շուտ», - իր հերթին նշում է «Առավոտ»-ը: «Բնակչությանը հուզող հիմնական խնդիրն այն է, թե կթանկանա՞ եւ որքանո՞վ կթանկանա իրենց կողմից սպառվող գազը: Չնայած «Հայռուսգազարդն» առաջարկել է գազի սակագնի կրկնակի բարձրացում, բայց չի բացառել դրանում փոփոխությունների կատարումը: Եվ, ի վերջո, այդ սակագները հաստատվում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, որը, որպես կանոն, սահմանում է ավելի ցածր սակագներ, քան առաջարկում են հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները», - մխիթարում է «Ազգ»-ը:

«Երեկվա հանրահավաքը նման էր մոբիլիզացիայի», - գնահատում է «Հայկական ժամանակ»-ը: - «Այսպիսով, հայ ժողովուրդը, ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է պատերազմի... Անշուշտ, այս ամենը կապվում է Ռամբույեի բանակցությունների հետ, որտեղ Ռոբերտ Քոչարյանի առաջ չորով դրել են ազատագրված-գրավյալ տարածքները վերադարձնելու հարցը», - կապակցում է թերթը՝ ընդգծելով. - «Այս պահին կարեւոր է այն, որ եթե Քոչարյանը վերջնագիր է ներկայացնում միջազգային հանրությանը, սա ապացուցում է, որ միջազգային հանրությունն էլ նրան է վերջնագիր ներկայացրել: Առայժմ ազատագրված-գրավյալ տարածքների հարցով»:

Երեկվա հանրավաքում Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի ելույթից «Առավոտ»-ում մեջբերված է. - «Նա, ով փորձում է «զոռբայությամբ», կաշառքով հարցեր լուծել, պետք է իմանա, որ ծառայում է ադրբեջանցիների հաջողությանը, այն խոշոր մեծահարուստը, որը փորձում է խուսափել հարկերը վճարելուց, մեզ վնաս է տալիս ոչ պակաս, քան տալիս են թուրքերը կամ ադրբեջանցիները»: «Հետո Հովհաննիսյանը հարց ուղղեց օլիգարխներին», - ձայնակցում է «Հայկական ժամանակ»-ը. - «Երբ դժվար պահը գա, ո՞վ է պաշտպանելու այս երկիրը՝ նրանք ու նրանց «հաստավիզ թիկնապահնե՞րը, թե՞ այն խեղճ ժողովուրդը, որին ճնշելով՝ հոգնեցրեցին, մաշեցրեցին, հիասթափեցրեցին»: «Երբ պրն Հովհաննիսյանը ելույթ էր ունենում, բեմի վրա էին նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Գալուստ Սահակյանը եւ այլք», - թվարկում է «Հայկական ժամանակ»-ը՝ հավելելով. - «Թերեւս սա է պատճառը, որ հանրահավաքի մասնակիցները չկասկածեցին արված հայտարարությունների անկեղծությանը»:

«Մոտ մեկ շաբաթ հետո Վաշինգտոնում սպասվող Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումով վրա է հասնում 2006 թվականի բանակցային գործընթացի կիզակետը», - նախանշում է «Հայոց Աշխարհ»-ը։ - «Սակայն բանակցային գործընթացում ճեղքում արձանագրելու հավանականությունը դրանով չի մեծանում՝ Իլհամ Ալիեւի դրսեւորած բացահայտ եւ անթաքույց համառության պատճառով։ Ռամբույեից հետո վերջինս հստակորեն, այն էլ արդեն մի քանի անգամ, հայտարարել է, որ չի ստորագրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկները»։

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում պարզաբանելով, թե «Էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի հետագայում հնարավոր լինի ատոմակայան կառուցել նաեւ մասնավոր ներդրումներով՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հավաստիացնում է. - «Անցած տարիներին մեր գործադիր իշխանությունները ամեն ինչ արել են, որպեսզի ներգրավվեն վարկային ռեսուրսներ նոր ատոմակայան կառուցելու համար, որը 100 տոկոսով կլինի պետական սեփականություն: Բայց ազդեցություն ու հնարավորություններ ունեցող որեւէ երկիր, վարկային միջոցներ տրամադրող որեւէ միջազգային կազմակերպություն շահագրգիռ չէ, որ հարեւանների հետ պրոբլեմներ ունեցող մեզ նման փոքր երկրում շարունակի ատոմային էներգետիկայի զարգացումը... Որովհետեւ ԱԷԿ-ը ոչ միայն ԱԷԿ է, այլեւ մի բան էլ ավելի»:

«Եվրամիության` Հայաստանին «Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում ներկայացված 2016 թվականին 440 մեգավատտ հզորությամբ նոր ատոմակայան ունենալու պահանջը խիստ է եւ Եվրամիության հաշվարկներով՝ օրախնդիր: Եվրամիության պահանջը իրականացնելը՝ նոր ԱԷԿ կառուցելը արժենալու է 1 միլիարդ 500 հազար դոլար: Եվրամիությունը 100 միլիոնը տրամադրելու պատրաստակամություն է հայտնել», - գրում է «Ազգ»-ը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG