Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց «Անվտանգության տնտեսական ասպեկտները. պաշտպանական ոլորտի կառավարման բարելավում» միջազգային սեմինարը


Չորեքշաբթի օրը Երեւանում բացվել է «Անվտանգության տնտեսական ասպեկտները. պաշտպանական ոլորտի կառավարման բարելավում» խորագրով միջազգային սեմինարը, որը 2005 թվականի դեկտեմբերին ՆԱՏՕ-ի կողմից հաստատված Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործմանն ուղղված առաջին միջոցառումներից է:

ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի արտգործնախարարության կազմակերպած երկօրյա սեմինարին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների, Եվրամիության, միջազգային գիտական հաստատությունների մոտ 30 ներկայացուցիչներ:

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի փոխանցմամբ, Հայաստանը ԱԳԳԾ-ի շրջանակներում ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնց մեջ են մտում նաեւ պաշտպանական ոլորտի բարեփոխումները, այդ թվում՝ պաշտպանության պլանավորման, բյուջետավորման ու վերազինման ուղղությամբ, եւ այս հարցերի շուրջ Հայաստանն ակնկալում է ՆԱՏՕ-ի աջակցությունը՝ խորհրդատվության եւ փորձի փոխանակման միջոցով:

Հայաստանն այժմ ուսումնասիրում է պաշտպանության ոլորտի բյուջետավորման ՆԱՏՕ-ի փորձը: Ներկայումս այն իրականացվում է՝ ելնելով նախկին խորհրդային եւ ռուսաստանյան փորձից: Իսկ ՆԱՏՕ-ի առաջարկած տարբերակով պաշտպանական ոլորտի բյուջետավորումը պետք է թափանցիկ լինի:

Աղաբեկյանի խոսքերով, թափանցիկությունը, անշուշտ, ողջունելի է, բայց այսօրվա պայմաններին «այնքան էլ համահունչ չէ»:

Խոսելով պաշտպանական ոլորտի ծախսերի մասին՝ փոխնախարարը փոխանցեց, որ Հայաստանի իշխանությունների համոզմամբ, այդ գումարները չպետք է գերազանցեն Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3 տոկոսը:

«Եթե Ադրբեջանի իշխանությունները շարունակեն նման ռազմատենչ հայտարարությունները, եթե Ադրբեջանը շարունակի հոխորտալ իր բյուջեի չափերով եւ այն ծախսերով, որը նպատակաուղղում են զինված ուժերի վրա եւ նպատակ ունեն իրենց քաղաքական հայտարարությունները ի կատար ածելով փորձել Ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ապա Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ՀՆԱ 3 տոկոսը կարող է խախտվել», - ավելացրեց Արթուր Աղաբեկյանը:

Այս կապակցությամբ ՆԱՏՕ-ի պաշտպանական եւ անվտանգության տնտեսության փոխտնօրեն Ռենե Վայխարդը ասաց, որ ռազմական ծասխերի վերաբերյալ իրենք չունեն նախապես որոշված չափանիշեր. - «Դա յուրաքանչյուր երկրի որոշելիք խնդիրն է»:

Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչպես է տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից ՆԱՏՕ-ն գնահատում Ադրբեջանի կողմից իր ռազմական բյուջեն զգալիորեն մեծացնելու եւ Հայաստանի ընդհանուր բյուջեին հավասարեցնելու մտադրությունները, Ռենե Վայխարդը պատասխանեց, թե տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման տեսանկյունից «ՆԱՏՕ-ն ակտիվ դերակատարությունի չունի»:

«ՆԱՏՕ-ն ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում լինի կայունություն եւ խաղաղություն», - շարունակեց նա: - «Ինչ վերաբերում է այդ խնդրին [Ղարաբաղյան կարգավորման], ապա այն կարգավորվում է այլ ֆորմատում՝ [ԵԱՀԿ] Մինսկի խմբի շրջանակներում, եւ մենք հույս ունենք դրական զարգացումներ տեսնել այս ուղղությամբ»:

Սեմինարը կշարունակվի վաղը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG