Մատչելիության հղումներ

logo-print

Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմը եւ բանավեճը Լոս Անջելեսում չեն ցուցադրվի


ԱՄՆ-ի Հանրային հեռարձակման ծառայությունը (Public Broadcasting Service - PBS) ապրիլի 17-ին Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ժապավենը եթեր հեռարձակելուց հետո մտադիր է կազմակերպել բանավեճ՝ արդյո՞ք Թուրքիան է մեղավոր Առաջին աշխարհամարտի եւ դրան հետեւած տարիներին հայերի սպանությունների համար: Ամերիկահայերը անթույլատրելի են համարում Ցեղասպանության փաստի վիճարկումը:

Լոս Անջելեսում, որը Ամերիկայի ամենահայաշատ բնակավայրն է, չեն հեռարձակվի ո'չ ֆիլմը եւ ո'չ էլ բանավեճը: Այդ նույն պահին PBS-ի տեղական մասնաճյուղը եթեր կհեռարձակի ֆրանսիական արտադրութան «Հայոց ցեղասպանություն» ֆիլմը: Կայանի ղեկավարությունը պնդում է, թե այդ որոշմանն է հանգել ամենեւին ոչ բարձրացած աղմուկի պատճառով, ինչը, մասնագետների կարծիքով, անքան էլ անկեղծ չի թվում, քանի որ Գոլդբերգի ֆիլմը կայանը պետք է ցուցադրեր անվճար, իսկ ֆրանսիականի համար մեծ գումար է մուծելու:

PBS-ին այս օրերին հասցեագրվում են հազարավոր սովորական եւ էլեկտրոնային նամակներ: Միաժամանակ ինտերնետային իրենց էջում արշավ են սկսել System of A Down հանրահայտ խմբի հայ երգիչները:

Այս արշավի մեջ են ներգրավվել նաեւ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Էնթոնի Ուայները, Ֆրենկ Փալոնը, Ջո Նոլենբերգը, ովքեր ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան բոլոր անդամներին հորդորել են ստորագրել այն բողոք-նամակի տակ, որով պահանջում են PBS-ից՝ հրաժարվել բանավեճը եթեր հեռարձակելու որոշումից: Սպասվում է, որ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի բոլոր 150 անդամները կստորագրեն դիմումը, իսկ դա արդեն Ներկայացուցիչների տան մեկ երրորդն է, ինչը կարող է վճռական դեր խաղալ PBS կայանին ամեն տարի բյուջե հատկացնելու որոշում կայացնելու գործում:

Էնդրյու Գոլդբերգի՝ 650 հազար դոլար արժողությամբ կինոժապավենը ամբողջությամբ ֆինանսավորել են Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունները, եւ հեռուստաընկերությունը համաձայնել է գրեթե անփոփոխ ցուցադրել այն, սակայն պայմանով, որ ֆիլմից հետո եթեր հեռարձակվի բանավեճ, որի մասնակիցներից ոմանք հնարավորություն կունենան վիճարկել ներկայացված փաստերն ու հայերի փաստարկները:

Ծրագիրն արդեն տեսագրված է. այն տեւում է 25 րոպե: Հայկական տեսակետը պաշտպանում են Փիթեր Բալաքյանը եւ Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը: Թուրքական տեսակետը, ըստ որի ցեղասպանություն չի եղել՝ ընդամենը պատերազմ էր, եւ նույն ժամանակահատվածում զոհվել է նաեւ 3 միլիոն թուրք, պաշտպանելու են Լուիսվիլի համալսարանի պրոֆեսոր Ջասթին ՄըքՔարթին եւ թուրք պատմաբան Օմեր Թուրանը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG