Մատչելիության հղումներ

logo-print
Microsoft կորպորացիան երեքշաբթի օրը պաշտոնապես հայտարարել է Բաքվում ներկայացուցչություն բացելու մասին: Microsoft-ի Բաքվի ներկայացուցչության գլխավոր տնօրեն է նշանակվել Վլադիմիր Չայկովսկին, ով մինչ այդ ղեկավարում էր ընկերության գրասենյակը Ուկրաինայում:

«Ներկայացուցչության բացումը նպատակ ունի աջակցել Ադրբեջանի հասարակության զարգացմանը՝ օգտագործելով Microsoft-ի առաջատար տեխնոլոգիաները, գիտելիքները եւ փորձը», - ըստ «Թրենդ»-ի, ասել է Չայկովսկին:

Իսկ ԱՊՀ-ում Microsoft-ի գլխավոր տնօրեն Սերգիուշ Վիզան նշել է, թե մինչեւ ներկայացուցչություն բացելը, կորպորացիան անցկացրել է Ադրբեջանի տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի ուսումնասիրություն: «Երկրի շուկան այնքան էլ մեծ չէ այլ երկրների համեմատ, սակայն մենք տեսել ենք ոլորտի զարգացման դինամիկան, այդ պատճառով էլ այստեղ ենք», - ասել է նա:

Կորպորացիայի ներկայացուցչները հայտնել են, որ այս տարի Microsoft-ը մտադիր է 1 միլիոն դոլար ներդնել Ադրբեջանի հեռահաղորդակցության ոլորտում:

«Թրենդ»-ի փոխանցմամբ, Սերգիուշ Վիզան նաեւ հայտնել է, որ առաջիկա 2-3 տարում Microsoft-ը մտադիր է նոր ներկայացուցչություններ բացել ԱՊՀ երկրներում, մասնավորապես՝ Վրաստանում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանը, ընկերության ներկայացուցչության ստեղծման գործընթացները Հայաստանում եւ Ադրբեջանում սկսվել են զուգահեռաբար: Հայաստանյան ներկայացուցչությունը գրանցվել է անցած տարի, իսկ այս տարի մրցութային կարգով Բարսեղյանը նշանակվել է ներկայացուցիչ (Country Manager): Գրասենյակը, Բարսեղյանի փոխանցմամբ, պաշտոնապես կբացվի մինչեւ ամառ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG