Մատչելիության հղումներ

Կարել դե Գուխտ. «ԵԱՀԿ-ն պատրաստ է գործուն աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»


«Կարող եմ հավաստել, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է գործուն աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին», - «Թրենդ»-ի բացառիկ հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը:

«Քաղաքական երկխոսությունը մնում է վեճը լուծելու միակ ընդունելի միջոցը: Ցանկացած այլ լուծում անհամատեղելի է ԵԱՀԿ արժեքներին ու պարտավորություններին: Եթե ձեռք բերվի հիմնական սկզբունքների շուրջ որեւէ համաձայնություն, ԵԱՀԿ-ն պատրաստ է զգալի ավանդ ներդնել համաձայնության իրագործմանը», - հայտարարել է Կարել դե Գուխտը:

Հարցին, թե արդո՞ք գոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, դե Գուխտը պատասխանել է. - «Բելգիայի ներկայացուցչությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ կանի հնարավոր ամենը գործընթացում առաջընթացի հասնելու համար»:

«Պատրաստ եմ ողջ ուշադրությունս սեւեռել այս գործընթացին, եւ որեւէ որոշում կայացնելու դեպքում մենք կարող ենք ապահովել դրա իրագործումը», - հավելել է նա:

Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտությանը, ըստ Կարել դե Գուխտի, ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել համաձայնության իրագործմանը, «ներառյալ՝ խաղաղապահ զորքերի ստեղծումը կամ տնտեսական եւ բնապահպանական համաձայնագրերին աջակցելը՝ եթե կողմերը դիմեն համապատասխան խնդրանքով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG