Մատչելիության հղումներ

logo-print
Բրիտանական հեղինակավոր «Էկոնոմիստ» հանդեսի վերջին համարում հրապարակված է 2006 թվականին աշխարհի ամենաարագ եւ ամենադանդաղ զարգացող երկրների ցուցակը: Փորձագետների կանխատեսումներով, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի ցուցանիշով ախարհի անառարկելի առաջատարը լինելու է Ադրբեջանը, որտեղ աճը կազմելու է 27,5 տոկոս:

Այս արդյունքին Ադրբեջանը կհասնի շնորհիվ նավթի եւ գազի արտահանման: Ի դեպ, այս տարվա առաջին ամսում Ադրբեջանը գերազանցել է անգամ այդ ցուցանիշը, արձանագրելով 36,4 տոկոսի աճ՝ նախորդ տարվա հունվարի համեմատությամբ:

Ինչպես գրում է «Վեդոմոստի»-ն՝ «Ֆայնենշլ Թայմզ»-ի ռուսաստանյան հրատարակությունը, Ադրբեջանի տնտեսությունը աճում է ժամ առ ժամ: Մի կողմից դրան նպաստել է նավթի աննախադեպ բարձր գինը, մյուս կողմից, շնորհիվ այդ ցուցանիշի, կտրուկ աճել է ներդրումների ծավալը: Իսկ արդյունաբերական արտադրությունը անգամ ավելի արագ է աճում, քան համախառն ներքին արդյունքը:

Ադրբեջանից բացի, 2006 թվականին ՀՆԱ-ի աճի երկնիշ ցուցանիշ կունենա նաեւ Անգոլան, ինչը նույնպես պայմանավորված է նավթային գործոնով:

Ամենաարագ զարգացող տնտեսությունն ունեցող պետությունների ցուցակում 3-րդը Վրաստանն է, իսկ 10-րդը Հայաստանը՝ շուրջ 8 տոկոս ցուցանիշով: Իսկ Եվրոպայի ամենահարուստ պետություններում՝ օրինակ, Գերմանիայում, Շվեցարիայում, Մեծ Բրիտանիայում, անգամ երկու տոկոսի աճ չի կանխատեսվում: Դա, սակայն, պայմանավորված է նրանով, որ այդ երկրների տնտեսությունների հիմքում դրված ցուցանիշները արդեն իսկ պատկառելի են:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG