Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյանը ժամանել է Մոսկվա


Այսօր Մոսկվա է ժամանել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Առայժմ հայտնի չէ, թե Մոսկվայում ինչ հանդիպումներ է ունենալու Արկադի Ղուկասյանը՝ արդյոք այդ հանդիպումները տեղի են ունենալու Կրեմլու՞մ, թե՞ ԼՂՀ նախագահը հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչների հետ:

Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի կառավարության մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ «Արկադի Ղուկասյանի այցը Մոսկվա անձնական բնույթ է կրում»:

Անցած շաբաթ Բաքվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր, թե մտադիր է մոտ օրերս Մոսկվա հրավիրել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: «Ես խոստացել եմ Ադրբեջանցի իմ ընկերոջը եւ մտադիր եմ Մոսկվա վերադառնալուն պես կապվել Ռոբերտ Քոչարյանի հետ եւ հրավիրել նրան Մոսկվա», - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր Վլադիմիր Պուտինը:

Փետրվարի 21-ին «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում Lեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը համոզմունք էր հայտնել, որ բանակցային գործընթացին Ղարաբաղի միանալու միայն մեկ ձեւ կա՝ Հայաստանը պետք է հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ:

«Ես գտնում եմ, որ եթե այսպես շարունակվի, եթե մենք տեսնենք, որ Ադրբեջանը իրոք որեւէ զիջումների պատրաստ չէ, մենք պետք է արդեն հարց դնենք, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը», - հայտարարել էր Ղուկասյանը: - «Երկրորդը՝ որ մենք Հայաստանի օգնությամբ փորձենք աշխատել ամբողջ աշխարհում՝ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG