Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանում ծայր առած բուռն կուսակցաշինարարությունը տվեց իր առաջին զոհը», - փաստում է «Առավոտ»-ը՝ արձագանքելով նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի հրաժարականին: Խմբագրի ուրվագծմամբ. - «Առաջանում է երկու հիմնական վարկած. Ռոբերտ Քոչարյանը պայմանավորվել է իր աշխատակազմի ղեկավարի հետ, եւ 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո պարոն Թումանյանը կստանա նոր պաշտոն (կամ նույն պաշտոնը): Երկրորդ՝ նախագահը դժգոհ է Ա. Թումանյանի՝ կուսակցություն ստեղծելու փորձից եւ ինքն է «ապահարզան» առաջարկել»:

«Իսկ առայժմ կարելի է հստակ ասել երկու բան. նրանք, ովքեր ուզում էին «Նոր երկիր» մտնել՝ քոչարյանական կուսակցությունից պաշտոն ստանալու հեռանկարով, այլեւս չեն մտնի: Եվ երկրորդ՝ «Նոր երկիրը» ընդդիմադիր կուսակցություն, այուամնեյանիվ չի լինի՝ իշխանությունը նախկին պաշտոնյաների վրա մի քանի թղթապանակ կոմպրոմատ կունենա: Փորձեն քննադատել՝ իսկույն լույս աշխարհ կհանի», - եզրակացնում է Արամ Աբրահամյանը:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ Թումանյանի հրաժարականը նախատեսվում էր, բայց դա պետք է տեղի ունենար ավելի ուշ, մոտավորապես սեպտեմբեր-հոկտմեբերին: - «Թե ինչի արդյունքում են արագացել իրադարձություններում, դժվար է ասել: Ըստ ամենայնի, Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել, որ Թումանյանը իր կուսակցության հիմնադիր համագումարը անցկացնի նախագահի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակով»:

«168 ժամ»-ի տեղեկություններով, աշխատանքից ազատվել է նաեւ նախագահականի կադրերի բաժնի պետ Հովհաննես Հովսեփյանը, որն անդամագրվել էր Արտաշես Թումանայի «Նոր երկիր» կուսակցությանը:

«ՍԴ նախագահը գրավոր դիմել է ԱԺ-ին՝ առաջարկելով կանոնակարգում դրույթ սահմանել, թե պատգամնավորները ՍԴ դիմելու նախաձեռնության վերաբերյալ ձեւաթուղթը դատարան ներկայացնելուց հետո ենթակա չէ փոփոխության», - գրում է «Առավոտ»-ը, որի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձանժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը ասում է. - «Խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ ԱԺ նախագահի մոտ փետրվարի 23-ին անցկացված խորհրդակցության ժամանակ եկել են քաղաքական համաձայնության, թե անպատճառ պիտի ամրագրվի այդ դրույթը»:

«168 ժամ»-ի փոխանցացամբ, ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է. - «ԼՂՀ-ն պետք է մասնակցի հակամարտության կարգավորման բանակցություններին: Հակառակ պարագայում, որոշակի համաձայնությունների հասնելու դեպքում ղարաբաղյան կողմի հետ ամեն բան ստիպված կլինենք սկսել զրոյից»:

«168 ժամ»-ի հարցազրույցում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ասում է. - «Ինչ վերաբերում է ՀՀԿ-Բարգավաճ Հայաստան համագործակցությանը, ապա այդ մասին գրել եւ գրում են բոլորը: Նույնը վերաբերում է նաեւ «Նոր երկիր-ՀՅԴ» համագործակցությանը: ՕԵԿ-ը Հայաստանի ամենախոշոր քաղաքական կազմակերպությունն է, արդեն 60 հազար անդամ ունեցող: Մենք եղել ենք, կանք ու կունենանք ծանրակշիռ ներկայություն ապագայում», - պնդում է «Օրինաց երկրի» նախագահը՝ նշելով. -«Բոլորը բոլորին ճանաչում են եւ կարող են ընտրություն կատարել, ընտրություն, ոչ թե դրա իմիտացիա, որովհետեւ այն կբերի լուրջ ցնցումներ Հայաստանում»: Նրա հավաստամամբ՝ «ՕԵԿ-ը կանգնած է լինելու արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու ակունքներում»:

«Գույք պարտքի դիմաց» ծրագիրը 2006-ին հայտնվելու է ԱԺ վերահսկիչ պալատի ուշադրության կենտոնում», - «168 ժամ»-ի փոխանցմամբ, հայտարել է վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանությամբ, վերահսկիչ պալատի տարեկան ուսումնասիրությունները ծառայում են ոչ իրենց հիմնական նպատակին՝ չարաշահումների բացահայտմանը ու չարաշահողներին պատասխանատվության ենթարկելուն, այլ ավելի շուտ սպասարկում են այս կամ այն ուժի կամ գործչի քաղաքական շահերին: - «Տվյալ տեպքում այդ ուժը «Օրինաց Երկիրն է», գործիչն էլ՝ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քանի որ ՎՊ-ի ներկայիս նախագահը «Օրինաց Երկրի» անդամ Գագիկ Ոսկանյանն է, պալատի աշխատակիցները նույնպես ՕԵԿ-ներ են», - նշում է մեկնաբանը, որի գնահատմամբ, - «Այն, ինչ «Ազդակ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ՎՊ-ի նախագահ Գագիկ Ոսկանյանը ներկայացրեց որպես 2005 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունք, իրականում ոչ այլ ինչ է, քան «դանդաղ գործողության ռումբ», որի կառավարման վահանակը գտնվում է Արթուր Բաղդասարյանի ձեռքում»:

«ԱԺ վերահսկիչ պալատը կոպիտ օրինախախտումներ է հայտնաբերել», վերնագրի ներքո էլ «Ազգ»-ը՝ մատնանշելով ասուլիսում վերահսկիչ պալատի նախագահի ներկայացրած փաստերը, հավելում է. - «Անցած տարվա ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվածը ոչ պակաս խախատումներ էին, բայց այդպես էլ չհասան դատական ատյաններին: Այնպես որ, կարիք չկա ժամանակ ու միջոցներ ծախսել հայտանբերելու այն, ինչը վաղուց հայտնի է բոլորին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG