Մատչելիության հղումներ

Գոհար Քյալյանը՝ բժշկականի նոր ռեկտոր


Այսօր Երեւանի բժշկական համալսարանի նոր ռեկտոր ընտրվեց անատոմիայի ամբիոնի վարիչ Գոհար Քյալյանը, ում օգտին քվեարկեցին բուհի խորհրդի բոլոր 32 անդամները:

Մյուս թեկնածուն՝ ֆտիզիատրիայի ամբիոնի վարիչ, Աբովյանի տուբերկուլյոզային դիսպանսերի գլխավոր բժիշկ Մարինա Սաֆարյանը ոչ մի ձայն չստացավ:

Ըստ մասնագետների, Գոհար Քյալյանի ընտրությունը կանխատեսելի էր, սակայն քչերն էին սպասում, որ նա կընտրվի միաձայն: Քալյանի ամուսինը հայտնի գործարար է, Հ2 հեռուստաալիքի գլխավոր բաժնետերը: Անդրադառնալով այն խոսակցություններին, թե քվեարկությունը կանխորոշված էր եւ դրա արդյունքների վրա ազդել են այլ գործոններ, Գոհար Քյալյանը կարծիք հայտնեց, թե «այդ գործոնները միշտ էլ կարելի է շահարկել»:

Ազգային ժողովի գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ, բուհի խորհրդի անդամ Հրանուշ Հակոբյանը նույնպես հերքեց այն լուրերը, թե քվեարկության ելքը կանխորոշվել է դրսից:

Միաձայն քվեարկությունը անակնկալ էր նաեւ բուհի նոր ռեկտորի համար: «Չէի պատկերացնում, որ միաձայն կընտրվեմ», - ասաց Գոհար Քյալյանը, - «Բայց դա միայն ավելացնում է պատասխանատվությունը: Ինձ վստահեցին թե խորհրդի երիտասարդ անդամները, թե ժամանակին ինձ դաս տված դասախոսները»:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG