Մատչելիության հղումներ

Վրաստանում արձանագրվել է թռչնագրիպի երկրորդ դեպքը


Կիրակի օրը Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտնել է, որ ըստ նախնական տեղեկատվության, Արեւմտյան Վրաստանի Փոթիի շրջանում հատնաբերվել է թռչնագրիպի վարակի երկրորդ դեպքը:

«Վրաստանը կազմակերպված ձեւով է դիմավորել թռչնագրիպը, խուճապի պատճառ չկա: Ներկայումս մարդկանց շրջանում թռչնագրիպով վարակվելու վտանգ չկա», - ըստ «Թրենդ»-ի, նշել է Վրաստանի նախագահը:

Միխեիլ Սահակաշվիլին նաեւ հրամագիր է ստորագրել Աջարիայի Խելվաչուրի շրջանում արտակարգ իրադրություն հայտարարելու մասին: Այն գործելու է մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը:

Աջարիայում, ինչպես նաեւ Վրաստանի ողջ տարածքում, կենդանի թռչունների վաճառքն արգելված է: Խելվաչուրի շրջանի Ադլիա գյուղի մոտակայքում փետրվարի 24-ին արձանագրվել էր թռչնագրիպի առաջին դեպքը: Շրջանի 16 գյուղերում միայն փետրվարի 25-ին ոչնչացվել է 4500 ընտանի թռչուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG