Մատչելիության հղումներ

Վահե Գրիգորյանը չի բացառում, որ կրկին կարող է հայտնվել կալանավայրում


«Ամեն դեպքում նույնիսկ նրանց, ովքեր հույսը կորցրել են ու հաշտվել իրենց դրության հետ, մեղադրել չի կարելի», -֊ ասում է Վահե Գրիգորյանը. «Շատերն արդեն վախեցել են, շատերն էլ այս երկրի հետ այլեվս ոչ մի հույս չեն կապում»:

Ինքը՝ Վահե Գրիգորյանը, հուսահատվելու մասին մտածել անգամ չի ուզում։ Նա մտադիր է շարունակել մարդկանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանի եւ միջազգային դատարական ատյաններում։

Փաստաբանը պնդում է, որ իրեն ազատ արձակելը նոր ոգեւորություն է հաղորդել բուզանդցիներին։ Հաստատակամ են նաեւ իր ընկերներն ու փաստաբանները, ովքեր 4 ամիս շարունակ աջակցում էին իրեն։ «Այս բոլոր մարդկանց շնորհիվ է նաեւ, որ ես այլեւս կալանավայրում չեմ: Դատարանի որոշման վրա հատկապես ազդել են քաղաքացիների կազմակերպած բողոքի ակցիաները», - ասում է նա։

Վահե Գրիգորյանի եւ նրա համախոհների պահանջը ոչ միայն տուժածների վնասի փոխհատուցումն է, այլեւ մեղավորներին պատասխանատվության կանչելը։ Վերջիններին անվանել Վահեն չի վախենում. «Առաջին հերթին հանրապետության նախագահը պիտի պատասխանատվություն կրի: Այս ամենը պիտի որ նրա գիտությամբ արված լինի, իսկ եթե ոչ, ապա անգիտությունը նշանակում է անգործություն»: Պատասխանատուների շարքում փաստաբանը նաեւ դատավորների է տեսնում:

Վահե Գրիգորյանի կարծիքով, սեփականության իրավունքի ոտնահարումը շարունակվում է Երեւանի այլ տարածքներում եւս։ Ըստ նրա՝ «այս բոլոր մարդիկ պատրաստվում են համախբվել հասարակական կազմակերպություններում ու ակտիվ հասարակական շարժում սկսել»։

Ի տարբերություն մարդու իրավունքների նախկին պաշտպանի, նոր օմբուդսմենի հետ ոչ Վահե Գրիգորյանը, ոչ էլ նրա պաշտպանյալները առայժմ չեն համագործակցում։ Փաստաբանը տարակուսում է, թե «ինչպես պիտի Արմեն Հարությունյանը մարդկանց պաշտպանի իր իսկ ծանոթների ու ընկերների ապօրինություններից»։

Վահե Գրիգորյանի դեմ հարուցված գործի նախաքննությունը դեռ շարունակվում է։ Ազատվելուց 6 օր անց նա ստորագրություն է տվել՝ քաղաքից չբացակայելու մասին։ «Ամեն ինչ հնարավոր է,֊ասում է Վահե Գրիգորյանը, ֊մինչեւ անգամ նորից կալանավորումը»։ Իր անմեղությունն ապացուցող փաստաթղթերը, սակայն, նա հրապարակ կհանի դատավարության ժամանակ միայն։

Վահե Գրիգորյանի կալանավորումը զուգադիպել է նաեւ Փաստաբանների պալատի ձեւավորմանը։ Պալատը նույնպես ակտիվ մասնակցել է նրա պաշտպանությանը եւ պատրաստվում է այսուհետ զբաղվել փաստաբանների իրավունքների պաշտպանությամբ։ Մասնագետների կարծիքով, Վահե Գրիգորյանի գործը կարող է լավ նախադեպ դառնալ։


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG