Մատչելիության հղումներ

Նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Գեւորգյանը


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ փետրվարի 25-ին հրամանագրով Արմեն Գեւորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատվելով ՀՀ նախագահի առաջին օգնականի պաշտոնից:

Արմեն Գեւորգյանը ծնվել է Երեւանում 1973 թվականին: Բարձրագույն կրթությունը ստացել Ռուսաստանում (Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտ) եւ Նիդերլանդներում (Տվենտեյի համալսարան):

1996-97 թվականներին Արմեն Գեւորգյանը վարչապետ Արմեն Սարգսյանի օգնականն էր: Նույն գործը շարունակել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի վարչապետության տարիներին: Քոչարյանի՝ նախագահ ընտրվելուց հետո 1998-ից մինչեւ 2000 թվականը համատեղել է նախագահի առաջին օգնականի եւ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները: 2000-ից մինչեւ նոր նշանակումը նախագահի առաջին օգնականն է եղել: Անկուսակցական է:

Նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արտաշես Թումանյանը Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պաշտոնից ազատվել էր երեկ՝ իր դիմումի համաձայն: Նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին ի պատասխան երեկ չցանկացավ մեկնաբանել Արտաշես Թումանյանի հրաժարականի պատճառները:

Արտաշես Թումանյանը «Նոր Երկիր» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավարն է: Կուսակցության ծրագիրը օրերս հրապարակվել է մամուլում: Կուսակցության հիմնադիր համագումարը նախատեսված է մարտի 18֊-ին:

Վերջին ասուլիսներում, պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես է նախագահ Քոչարյանը վերաբերում հանգամանքին, որ իր աշխատակազմի ղեկավարը պատրաստվում է կուսակցություն ստեղծել, Վիկտոր Սողոմոնյանը փոխանցել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, եւ ընդհանրապես ամբողջ աշխատակազմը, կուսակցականացված չեն լինելու:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG