Մատչելիության հղումներ

Այսօր Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում կրկին բարձրացվել է Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման հարցը:

«Ադրբեջանական պատվիրակության անդամներն իրենց ելութներում փորձում էին համոզել, որ նման բան տեղի չի ունեցել, եւ որ Ադրբեջանին դատապարտող՝ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը թյուրիմացության արդյունք է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաղորդեց հայկական պատվիրակության անդամ, ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը: - «Ցավ եմ ապրում, որ Ադրբեջանի պատվիրակը այս հեղինակավոր դահլիճում խաբեբայության մեջ է մեղադրում Եվրամիությանը, քանի որ հենց Եվրախորհրդարանը փետրվարի 16-ին 85 կողմ ձայնով դատապարտեց ազերիների վանդալիզմը Ջուղայի գերեզմանատանը»:

Ձմեռային նստաշրջանի հիմնական թեման խոսքի ազատության ու կրոնական հավատալիքների շուրջ՝ վերջին շրջանում աշխարհում ստեղծված ճգնաժամն էր: Նախօրեին Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե այսօր պատրաստվում է ԵԱՀԿ ամբիոնից անդրադառնալ նաեւ «Ա1+»-ի խնդրին: - «Ելույթիս ամբողջական տեքստում նշված է, որ Հայաստանում խոսքի ազատությունը վտանգվեց այն բանից հետո, երբ կամայականորեն փակվեց «Ա1+» հեռուստակայանը: Նույնիսկ ԵԽԽՎ, ԵԱՀԿ նախագահի կոչերն ու խորհուրդները Սահմանադրության հանրաքվեից առաջ բոլոր ուժերին հավասար հնարավորություններ տալու մասին, մեր իշխանությունների կողմից արհամարհվեցին»:

«Ցավոք, նախագահությունը որոշեց կրճատել ելույթների համար հատկացված ժամանակը, եւ ես չհասցրի բարձրաձայնել այդ խնրդիրը, սակայն ելույթիս տեքստը հանձնվել է քարտուղարություն եւ արձանագրվելու է», - ասաց Գեղամյանը՝ հավելելով. - «Ելույթում արձանագրված է, որ այսօր Հայաստանում չկա գեթ մեկ հեռուստատեսություն, որը հավասար պայնմաններ է ստեղծում թե’ ընդդիմության, թե’ իշխանության, թե’ չեզոք փորձագետների համար»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG