Մատչելիության հղումներ

Սուրբ Վարդանանց տոնը՝ Երեւանում


Այս տարի փետրվարի 23-֊ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Վարդանանց տոնը՝ ի հիշատակ 451 թվականի մայիսին Ավարայրի ճակատամարտում նահատակված 1036 մարտիրոսների, ովքեր զոհվեցին հանուն հայրենիքի ու հավատի: Տոնը հայրենասիրական մեծ խորհուրդ ունի եւ նվիրված է նաեւ բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպան հերոսներին:

Սուրբ Վարդանանց տոնի քայլերթին մասնակցող երիտասարդների խոսքով, այս միջոցառումները նախեւառաջ օգնում են իրենց ավելի լավ ճանաչել սեփական պատմությունը: «Կարեւոր է նաեւ, որ մենք տեղեկանում ենք այն տոների մասին, որոնց մասին նախկինում չգիտեինք», - ասում է քայլերթին մասնակցող մի աղջիկ:

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց շարժման հոգեւոր խորհրդատու Տաճատ ավագ քահանա Դավթյանի խոսքով՝ Սուրբ Վարդանանց տոնը յուրահատուկ խորհուրդ ունի հենց երիտասարդների համար: «Թեպետ տարեցները միշտ դժգոհում են, որ երիտասարդները միայն իրենց հաճույքների մասին են մտածում, դա այդքան էլ ճիշտ չէ: Երիտասարդներն ավելի պատրաստ են նվիրվածության, զոհողության: Տարեց մարդիկ որքան մոտենում են մահվան, կարծես, այնքան մահից ու ամեն տեսակ դժվարություններից ավելի են սկսում վախենալ, իսկ երիտասարդներն ավելի անվախ են», - ասում է քահանան: - «Այս երկուշաբթի սկսվում է պասը, որը զոհողության շրջան է, երբ մենք մեզ սպառազինում ենք չարիքի դեմ պայքարում: Վարդանանց տոնը մեզ հիշեցնում է, որ մենք բոլորս զինվոր ենք չարի դեմ պայքարում»:

Ըստ ավանդության, Սուրբ Վարդանանց տոնը բոլոր այն անձանց անվանակոչության տոնն է, ովքեր կրում են Վարդանանց զորավարների կամ զինվորականների անունները` Վարդան, Գարեգին, Խորեն, Տաճատ եւ այլն:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG