Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գործարարների եւ չինովնիկների կողմից կուսակցությունների ստեղծումը ընդհանուր առմամբ տրամաբանական երեւույթ չէ: Շատ ավելի բնականոն կլիներ, եթե չինովնիկը որեւէ կուսակցությամբ գար իշխանության, ոչ թե դա աներ տարբեր տիպի խարդավանքների միջոցով, իսկ գործարարը եղած կուսակցություններից ընտրեր իրեն հոգեհարազատը եւ օգներ այդ կուսակցությանը իրականացնել իր գաղափարները», - տրամաբանական ուղին է մատնանշում «Առավոտ»-ի խմբագիրը՝ արձանագրելով. - «Բայց, ինչպես հայտնի է, Հայաստանում գործարարները փող են տալիս իշխանական կուսակցություններին եւ նախագահի իշխանության թեկնածուին ոչ թե այն պատճառով, որ այդ գործիչներն ու կուսակցությունները իրենց հոգեհարազատ են, այլ՝ որովհետեւ իրենց՝ գործարարների բիզնեսը կախում ունի վերին իշխանավորներից»: Արամ Աբրահամյանի հաշվարկներով, խորհրդարանում խմբակցություն ունենալու համար պետք է առնվազն մեկ միլիոն դոլար: Հակառակ պնդումները, ըստ նրա, պարզապես անկեղծ չեն:

«Հայոց Աշխարհ»-ում Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նշում է. - «Այսօր Հայաստանում գրանցված է 70-ից ավելի կուսակցություն։ Նրանց մեծ մասը որեւէ ազդեցություն եւ ներկայություն չունի քաղաքական դաշտում... Պետք է հասնենք նրան, որ Հայաստանում լինի մեկ տասնյակի չափ ազդեցիկ կուսակցություններից ձեւավորված քաղաքական համակարգ, եւ այդ ուժերն էլ պիտի կրեն դրա հետագա զարգացման պատասխանատվությունը»:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, երեկ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասել է. - «Եթե 2007 թվականի ընտրություններում ՀՀԿ ցուցակով առաջադրվի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, բնականաբար, մեր արդյունքներն ավելի մեծ կլինեն»: Նույն թերթը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրները, գրում է. - «Հայտնի դարձավ, որ Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նույնպես որոշել է կուսակցական շինարարությամբ զբաղվել... Նախարարը որոշել է ոչ թե նոր կուսակցություն ստեղծել, այլ գործել գրանցված կուսակցություններից որեւէ մեկի հենքի վրա»:

«Մենք կրկին անգամ ականատես եղանք, թե ինչպես է գործադիր իշխանությունը քաշում ԱԺ պատգամավորների ականջները», - ընդգծում է «Հայկական ժամանակ»-ը՝ նշելով, որ 6 պատգամավորներ, «որոնք դեռեւս ամիսներ առաջ ստորագրել էին Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի տակ, իրենց ստորագրությունները ետ են վերցրել», եւ դիմումն այլեւս չի կարող Սահմանադրական դատարանում քննարկվել: - «Խոսքը այն դիմումի մասին է, որով ԱԺ պատգամավորները վիճարկել են «Հյուսիսային պողոտայի» եւ «Գլխավոր պողոտայի» կառուցապատումն ապահովող մի շարք իրավական ակտերի սահմանադրականությունը»: «Առավոտ»-ի հայացքով՝ այս պատմության մեջ շատ, մեղմ ասած, զարմանալի է նաեւ ՍԴ-ի պահվածքը, որին հանձնված դիմումի ներքո ստորագրածներն անմիջապես հայտնի էին դարձել կառավարությանը՝ հնարավորություն ընձեռելով ճնշումներ գործադրել այդ պատգամավորների վրա:

Ադրբեջանական «Զերկալո»-ն, անդրադառնալով Ռուսաստանի նախագահի այցելությանը Բաքու, գրում է. - «Իլհամ Ալիեւը կարող է բարձրացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Մոսկվայի դերակատարությունը ակտիվացնելու հարցը: Առջեւում պաշտոնական Բաքվին սպասվում են լուրջ բանակցություններ հայկական կողմի հետ Վաշինգտոնում, եւ այս իրավիճակում Ադրբեջանը կցանկանար լրացուցիչ աջակցություն ստանալ Ռուսաստանից»:

«Մոսկովյան շեյխ» վերնագրի ներքո «Կոմերսանտ» թերթը փոխանցում է. - «Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշիզադեն Վլադիմիր Պուտինին է հանձնել «Շեյխ ուլ իսլամ» շքանշանը: Այդ շքանշանը ստեղծվել է 2005 թվականին եւ հանձնվում է պետական գործիչներին՝ ակնառու արժանիքների, գործունեության համար: Վլադիմիր Պուտինը 3-րդ է, ում շնորհվում է «Շեյխ ուլ իսլամ» շքանշանը: Մինչեւ հիմա այն ստացել էին միայն Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը եւ ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը»:

«Վոեննո-պրոմիշլեննի կուրյեր» ռուսաստանյան թերթը գրում է, որ Ռուսաստանի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում տարեցտարի ավելանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներից ժամանող սովորողների թիվը. - «Եթե 2003 թվականին 159 մարդ էր սովորում, ապա 2005-ին ավելի քան 380 զինծառայողներ են ընդունվել Հայաստանից, Բելառուսից, Տաջիկստանից, Ղրղըզստանից ու Ղազախստանից»:

Կոպենհագենի «Ինֆորմացիոն» պարբերականը, արձագանքելով Եվրամիության՝ Թուրքիային ուղղված խնդրանքին՝ միջնորդի դեր խաղալ մահմեդական աշխարհի հետ հարաբերությունների կարգավորման գործում, բխեցնում է. - «Թուրքական դիվանագիտությունը կարող է աստեղային ժամ ունենալ. առաջին անգամ Ստամբուլը հնարավորություն է ստացել առաջնային ծառայություն մատուցել Եվրոպային միջազգային ասպարեզում եւ այդպիսով առաջ մղել սեփական անդամակցությունը Եվրամիությանը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG