Մատչելիության հղումներ

Պուտինը կոնսուլտացիաների է հրավիրելու Քոչարյանին


«Խոստանում, եմ, որ մենք կնախաձեռնենք եւ կանցկացնենք լրացուցիչ կոնսուլտացիաներ հայ գործընկերների հետ: Մոտ օրերս ես մտադիր եմ կապվել Հայաստանի նախագահի հետ եւ հրավիրել նրան Մոսկվա՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ լրացուցիչ կոսնուլտացիաների», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Համաձայն եմ Իլհամ Ալիեւի հետ, որ չնայած բարդություններին, կողմերը կարող են գտնել երկուստեք ընդունելի լուծում», - ասել է Պուտինը եւ ավելացրել. - «Ռուսաստանը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի բանակցությունների արդյունքը դրական լինի»:

Ռուսաստանի նախագահը նաեւ նշել է, որ, աջակցելով հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանը ճնշում չի գործադրելու: «Մենք լիովին բացառում ենք կողմերից մեկի վրա որեւէ ճնշման կիրառումը: Մենք կարող ենք հանդես գալ միայն միջնորդի, կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնությունների երաշխավորողի դերում»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ասուլիսում նշել է, որ նախագահ Պուտինի հետ «շատ հանգամանալից քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը»:

«Ադրբեջանը ակնկալում է Ռուսաստանի՝ որպես հարեւան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի, հետագա մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման գործում», - ասել է Իլհամ Ալիեւը:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները այսօր ընդունել են համատեղ հայտարարություն, որում մտադրություն են հայտնում որակապես նոր մակարդակի հասցնել միջպետական հարաբերությունները՝ «քաղաքական, տնտեսական, ռազմական եւ մարդասիրական ոլորտներում համագործակցությունը կատարելագործելու ճանապարհով»:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները պետք է մշակեն ռազմատեխնիկական ոլորտում երկկողմ գործակցության ծրագիր, որը «ուղղված չէ երրորդ երկրների դեմ եւ չի հակասելու երկու պետությունների միջազգային պարտավորություններին»: Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը ռազմաքաղաքական համագործակցությունը դիտում են որպես «ռազմավարական գործընկերության կարեւոր բաղկացուցիչ»:

Համատեղ ասուլիսում Իլհամ Ալիեւը նաեւ հանդես է եկել էներգետիկայի բնագավառում Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը երկարաժամկետ դարձնելու օգտին:

Անդրադառնալով Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական համագործակցությանը, մասնավորապես՝ ավելի քան 1 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառությանը, Իլհամ Ալիեւը ասել է. - «Ռուսաստանի նախագահի հետ մենք քննարկեցինք արդեն իսկ կրկնապատկված ապրանքաշրջանառությունը կրկնապատկելու հնարավորությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG