Մատչելիության հղումներ

Ամուսնալուծությունների դառը վիճակագրությունը


Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամուսնալուծությունների մեծ մասը տեղի է ունենում ամուսնության առաջին տարիներին: «Ընտանեկան կյանքի առաջին 1-2 տարին փորձաշրջան է», ֊- փաստում են հոգեբանները եւ կոչ անում դիմակայել ամուսնության առաջին տարիների հոգեբանական ադապտացիայի փորձություններին:

«Արդյո՞ք ամուսնությունը երջանկացնում է մարդկանց» վերնագրով աշխատությունը հեղինակել են եվրոպացի գիտնականները: Գերմանիայի 15000 բնակիչների շրջանում վերջերս անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ ամուսնական կյանքի ամենաերջանիկ հատվածը մեղրամիսն է, որը, նրանց համոզմամբ, ավարտվում է, երբ ծնվում է առաջին երեխան:

Եվրոպացի հոգեբանները ամուսնալուծությունների պատճառների ցուցակում առաջին տեղը հատկացնում են հենց այս փաստին:

Հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքով, հայկական նորաստեղծ ընտանիքներում հակառակն է՝ երեխայի ծննդի ուշացումը կարող է սառեցնել զույգերի հարաբերությունները եւ ընտանիքի քայքայման պատճառ հանդիսանալ: Մեր վիճակագրական տվյալների համաձայն, 2004-ին ամուսնալուծված հայ ընտանիքների 50 տոկոսից ավելին երեխա չի ունեցել:

«Ամուսնության եւ ամուր ընտանիք կազմելու համար հոգեբանական հասունություն է անհրաժեշտ», - զգուշացնում է հոգեբանը այս լուրջ քայլին դիմել պատրաստվող զույգերին: Ֆիզիկական գրավչությունից զատ շատ կարեւոր է դիմացինի հոգեկան աշխարհի ճանաչումն ու արժեվորումը: Կարեւոր գործոնների շարքում է նաեւ զույգերի՝ սոցիալական նույն խավին պատկանելը: Բայց երկարատեւ եւ երջանիկ ամուսնությանը նպաստող հանգամանքների ցուցակը գլխավորում է, բնականաբար, սերը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG