Մատչելիության հղումներ

logo-print

Ազատության մասին՝ արվեստի լեզվով


«Մի խումբ երիտասարդ արվեստագետներ հիմնել են Press Studio-ն, որպեսզի արվեստի միջոցով խոսենք Աստծո մասին: Սա մեր ստուդիայի միջոցառումներից մեկն է, որին ընդառաջեց Երեւանի պետական համալսարանի արհկոմիտեի ուսանողական միությունը», - ասում է կազմակերպիչներից մեկը՝ Իվետան:

Դրսում արված հարցման ու դահլիճում հավաքվածների կարծիքների հիման վրա կազմակերպիչները փորձեցին ամբողջացնել, թե ինչ ասել է ազատություն կամ մեղք: Եթե ոմանց համար ազատությունը բոլոր արգելքները ջարդելն է, ներկաներից շատերի կարծիքով, ազատ լինելու համար պետք է նախ ազատվել մեղքից:

Առաջին մարդու ու առաջին մեղքի պատմությունը երիտասարդները ներկայացրին մնջախաղով, որից հետո հնչեց Նարեկից հատված՝ ռոք երաժշտությամբ համեմված: «Այս գործում կա ե’ւ շարական, ե’ւ ռոք: Սա ուղղակի միջոց է՝ երիտասարդներին ծանոթացնելու հայ հոգեւոր երգին, եւ կարծում եմ՝ լավ է ստացվել», - ասում է երաժշտության հեղինակը՝ Կարենը, ով սովորում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:

Հանդիսատեսի վերաբերմունքն ու արձագանքն էլ տարբեր էին: Ոմանք նորամուծություններն ընդունեցին ծափերով, մյուսները տարակուսում էին՝ խորթ է:

Նրանցից շատերի մտավախությունը, թե նման միջոցառումները բնորոշ են միայն աղանդավորներին, փորձեց ցրել միջոցառմանը ներկա հոգեւորականը: Կազմակերպիչների հավաստմամբ, իրենք ընդունում են հայ առաքելական եկեղեցու դավանանքը:

Միջոցառման կարեւորագույն խորհրդանիշը հրավիրատոմսերն էին, որոնցից մեխ էր կապված: «Մեխերը մեր մեղքերն են, որոնցից ազատվել է պետք», - բացատրում են կազմակերպիչները: Նրանց օրինակով բոլոր ներկաները մեխերը դեն նետեցին: Միջոցառման ավարտին, սակայն, Տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը խորհուրդ տվեց երիտասարդներին հետ վերցնել դրանք՝ ամեն րոպե աչքի առջեւ ունենալու եւ զգոն լինելու համար:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG