Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ընդդիմությունն ուղղակի այլ ելք չունի, քան վերադառնալ խորհրդարան: Առջեւում ընտրություններ են», - «Հայոց Աշխարհ»-ում ուղենշում է Շավարշ Քոչարյանը:

«Իրավունք»-ի հետ զրույցում ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը վստահեցնում է, որ պաշտոնավարման ընթացքում ինքը իրեն կաշկանդող որեւէ պատվեր չի ստացել իշխանություններից, ինչը չի կարելի ասել Արմեն Հարությունյանի համար. - «Արդեն իսկ ձեւավորվել է պատվերը, քանի որ մի բարձրաստիճան չինովնիկ կարծիք է հայտնել, որ առաջին օմբուդսմենի օրինակը չի կարող նախադեպ լինել Արմեն Հարությունյանի համար»:

«Չորրորդ իշխանության» հայացքով, օմբուդսմենի ընտրությանը նախորդած «կառուցողական մթնոլորտը» ցույց տվեց, որ խորհրդարանական ընդդիմությունն ընդամենը «պաշտոնակռիվ» է տալիս, իսկ իշխանությունների հետ քաղաքական տարաձայնություններ «չի ունեցել եւ չունի». - «Սրանք բոլորը 1996-ին նույն թիմում են եղել եւ առայսօր պայքարում են նույն թշնամու՝ «նախկին հանցավոր ռեժիմի» դեմ: Պարզապես 1998-ից հետո սրանց մի մասը հասցրել է տեղավորվել իշխանական կերակրատաշտի մոտ, իսկ մյուս մասը չի հասցրել: Ու հիմա պայքարում է այդ հրմշտոցում իր տեղը գտնելու համար»:

Նույն թերթի հարցազրույցում ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը սահմանում է. - «Կուսակցությունն ինչքան մեծանում, այնքան ոչ թե զառամախտով է սկսում տառապել, այլ իմաստնանում է»: «168 ժամ»-ի հարցադրմամբ, մինչդեռ՝ հետաքրքիր է, թե «ինչպիսի՞ն է ՀՅԴ գնահատականը [Արտաշես] Թումանյանին, որն օրը ցերեկով դարձավ «Նոր Երկիր»-ի նախագահ` մնալով «հին երկրի» նախագահի աշխատակազմի ղեկավար»:

«Այն, ինչ այսօր կատարվում է պայմանականորեն անվանված հայաստանյան քաղաքական դաշտում, ուղղակիորեն հիշեցնում է 19-րդ դարի ֆրանսիացի մտածող Պոլ Վալերիի հետեւյալ միտքը. - «Քաղաքական գործիչներից ոմանց համար ամենամեծ խնդիրը եղել ու դեռ մնում է տարածքի ձեռքբերումը»: «Նոր Երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Ազգային վերածնունդ», «Դաշինք» եւ այլ էկզոտիկ անվանումներով կուսակցությունների համար հազիվ թե գտնվի ինքնառաջադրման որեւէ այլ պատճառաբանություն», - կապակցում է «Տարեգիր»-ը: - «Հենց օլիգարխիկ ծագում ունեցող կուսակցություններին անդամակցությունը մեր քաղաքացիների մի ստվար զանգվածի համար սոցիալական արտոնություններ եւ աշխատատեղեր ձեռք բերելու ռեալ երաշխիք է: Իսկ ստվարածավալ ծրագրերը, ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին խուճուճ նախադասությունները նախընտրական փուչիկ են միայն»:

«Չորրորդ հանրապետության գաղափարը, որ վերջերս առաջ քաշեցին մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր, միայն առաջին հայացքից է փրկության բանաձեւի տպավորություն թողնում: Իհարկե, այդ տերմինը ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի, որ փորձ է արվում ներկայացնել որպես վերածննդի խորհրդանիշ, բայց նրա մեջ պարտվողականության բաղադրիչ կա, դասալքության էլեմենտ: Եվ երբ մենք` Երրորդ հանրապետության քաղաքացիներս, խոսում ենք Չորրորդ հանրապետության անհրաժեշտության մասին, ըստ էության, ընդունում ենք, ավելի ճիշտ՝ համակերպվում ենք այն մտքի հետ, որ ձախողվել ենք Երրորդ հանրապետության կերտման գործում», - վերլուծում է «Հայկական ժամանակ»-ը՝ խտացնելով. - «Եվ որ ավելի սարսափելի է, ձերբազատվում ենք նրա ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունից: Չորրորդ հանրապետության գաղափարը շատ նման է «Ծովից ծով Հայաստանի» գաղափարին»:

«Հայոց Աշխարհ»-ում քաղաքագետ Սուրեն Զոլյանը վերլուծում է». - «Ի վերջո, Ադրբեջանի ուժային լուծման հիմքը նավթադոլարներն են: Բայց հենց այդ հանգամանքը նրան պատանդ է դարձրել մեծ տերությունների քաղաքականության, որովհետեւ նրանց համար այսօր ամենակարեւորը Բաքվի շահերը չեն, այլ կայունությունը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG