Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը Ղարաբաղի հարցում»


Ռուսաստանյան «Վրեմյա նովոստեյ» թերթը նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան այցի կապակցությամբ այսօր գրում է, որ ադրբեջանցիները Մոսկվայից աջակցություն են ակնկալում Ղարաբաղի հարցում:

Թերթը հիշեցնում է, որ «Պուտինը հայտարարել է, թե հանդես է գալիս խնդրի կարգավորման օգտին միջազգային իրավական չափանիշների համաձայն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ»:

«Ինթերնեշնլ հերալդ թրիբյուն»-ը այցի առնչությամբ գրում է. - «Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները շատ վաղուց են մրցակցում կասպյան նավթառատ շրջանի համար: Վաշինգտոնն այս տարածքը համարում է Մերձավոր Արեւելքի նավթից իր կախումը նվազեցնելու հեռահար նպատակի բանալին: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը փորձում է «չմնալ լուսանցքում»: Նավթը ոչ միայն եկամտաբեր շուկա է, այլեւ լավ քաղաքական լծակ»:

Ադրբեջանական «Զերկալո»-ն, մինչդեռ, փաստում է, որ Ռամբուեի հանդիպման նախօրեին Բաքուն Միացյալ Նահանգներից ու միջազգային կազմակերպություններից տարածքային ամբողջականության հարցում զիջումներ կատարելու ճնշման էր ենթարկվում: Չի բացառվում, որ սցենարը կրկնվի ու Ադրբեջանի վրա ճնշում գործադրվի: Այստեղ է, որ պաշտոնական Բաքուն իր շահերը պաշտպանելու նպատակով կարող է օգտագործել Ռուսաստանի հնարավորությունները, որին «ավելի շատ հարմար է ղարաբաղյան հակամարտության կարգավորման սառեցումը»:

«Նեզավիսիմայա գազետա»-ն գրում է, որ տեղի դիտորդների մեծ մասն ընդգծում է Պուտինի ու Ալիեւի միջեւ վստահության առկայությունը, որ ձեւավորվել է վերջին երեք տարիների ընթացքում, ինչպես նաեւ նրանց հանդիպումների պարբերականությունը. - «Միայն նախորդ տարի նրանք հանդիպել են երեք անգամ: Սպասվում է, որ այս անգամ էլ Ալիեւը կխոսի ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ Վրաստանից ռուսական զինվորական տեխնիկան Հայաստան տեղափոխելու մասին: Վերջին պարագան հատկապես մտահոգում է ադրբեջանական կողմին, քանի որ այստեղ համարում են, որ վաղ թե ուշ այդ ռազմական ուժը կարող է կիրառվել Ադրբեջանի դեմ»:

Ռուսաստանն էլ հարավային հարեւանից դժգոհություն ունի: Վերլուծաբանների կարծիքով, Բաքվի ու Վաշինգտոնի ռազմական համագործակցությունը դուր չի գալիս Մոսկվային:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG