Մատչելիության հղումներ

Վաֆա Գուլուզադե. «Ադրբեջանը Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերն է»


Մի քանի ժամ անց Բաքու է ժամանելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ադրբեջանում Ռուսաստանի տարվա բացման ֆոնին ավելի հաճախ են հնչում պնդումները, թե երկու երկրների հարաբերությունները ակնհայտ վերելք են ապրում: Անցած շաբաթավերջին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը հայտնեց, թե ռուս-ադրբեջանական հարաբերությունները այսօր հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի:

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի վարչակարգում թերեւս ամենահակառուսական տրամադրություններով ժամանակին աչքի ընկած պաշտոնյան՝ արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն պնդում է, թե ռազմավարական գործընկերության մասին խոսք անգամ լինել չի կարող:

«Նախ, ես չեմ գտնում, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Ադրբեջանը Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերն է, քանի որ մեր հիմնական ազգային պաշարները, նախ եւ առաջ՝ նավթը, ամերիկյան ընկերությունների ձեռքում են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գուլուզադեն եւ ավելացրեց. - «Պարզապես, ելցինյան անարխիայից հետո Ռուսաստանում անկումը փոքր-ինչ կանգ է առել եւ պատրանքներ կան, թե Ռուսաստանը կարող է վերականգնել Խորհրդային Միությունը»:

ԽՍՀՄ վերականգնում ասելով, Գուլուզադեն, նախ եւ առաջ, նկատի ունի արտաքին քաղաքական ուղենիշերի փոփոխություն:

«Որպես վարձատրություն, Մոսկվան կարող է Բաքվին խոստանալ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը՝ գրավյալ տարածքներից դուրս բերել օկուպացիոն զորքերը», - կարծում է Վաֆա Գուլուզադեն:

Այսօր մեկնարկող այցից ադրբեջանական կողմը, ըստ Գուլուզադեի, լուրջ ակնկալիքներ չունի: «Որեւէ լավ բան իր հետ Պուտինը Բաքու չի բերում եւ այստեղ էլ չի ստանա», - ասում է Ադրբեջանի նախկին նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG