Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 18-ը փետրվարի)

Ըստ «Հայկական ժամանակ»-ի, Հանրապետական կուսակցության պատգամավորական կորպուսի անդամները մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քվեարկության ժամանակ «մեկ ուղիղ գիծ են քաշել ընդդիմության թեկնածու Հրանտ Խաչատրյանի անվան վրա», Դաշնակցության 11 պատգամավորների՝ Հրանտ Խաչատրյանի անվան վրա քաշած գիծը եղել է «որոշակի անկյան թեքության տակ` վերեւից ներքեւ», իսկ «Օրինաց երկիր»-ին բաժին է ընկել ներքեւից վերեւ գիծը: «Գուրգեն Արսենյանի վեց անդամանոց «ՄԱԿ»-ը Հրանտ Խաչատրյանին ջնջել էր երկու գծով։ Ամենաբարդը եղել է «Ժողպատգամավորի» գործը. այդ խումբը, համաձայն իրեն բաժին ընկած պայմանական իշմարի, ստիպված է եղել Հրանտ Խաչատրյանի անունը ջնջել՝ երեք անգամ գիծ քաշելով վերջինիս անվան վրա», - շարունակում է թերթը՝ բացատրելով. - «Եթե այսքանից հետո ինչ-որ մեկը չհասկացավ, թե ինչի՞ համար էր ողջ այս կոնսպիրացիան, ասենք, որ խնդիրը շատ պրագմատիկ է: Խորհրդարանին նման նվաստացումը պարտադրվել է նախորդ քվեարկությունից հետո, երբ ՄԻՊ իշխանության թեկնածու Արմեն Հարությունյանը չհավաքեց խոստացված-անհրաժեշտ ձայներ, ու կոալիցիոն ռազբորկաների ընթացքում այդպես էլ հնարավոր չեղավ պարզել, թե քաղաքական որ ուժն էր «քցողը»... Ուստի, ապագա ռազբորները բացառելու համար Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանը կոալիցիային եւ նրա արբանյակներին է բաժանել այն պայմանական նշանները, որոնցով նրանք պետք է ջնջեն ընդդիմության թեկնածուին»: «Երեկ հերթական անգամ ապացուցվեց, որ ղազությունը վաղուց արդեն քաղաքական լուրջ կատեգորիա է», - եզրափակում է «Հայկական ժամանակ»-ը։

«Խորհրդարանը երեկ նման էր ոչ թե քաղաքական մարմնի, այլ՝ հարցեր լուծելու համար հրավիրված «սխոդկայի», քանի որ ԱԺ նիստերի դահլիճ էին ժամանել նույնիսկ նրանք, ովքեր միայն համապատասխան ձայներ ապահովելու համար են գալիս, եւ չէին էլ թաքցնում, որ եկել են «շեֆի» պատվերը կատարելու», - բնորոշում է «Առավոտ»-ը: - «Ակնհայտ էր, որ այս անգամ արդեն կոալիցիայի չորրորդ կողմը հարցը խիստ էր դրել՝ ոչ միայն քվեարկել հօգուտ Արմեն Հարությունյանի, այլեւ այդ քվեարկության ապացույցները ներկայացնել... Ե’վ ՀՀԿ-ն, ե’ւ «Օրինաց երկիր»-ը, ե’ւ ՀՅԴ-ն, նաեւ՝ ՄԱԿ-ն ու «Ժողպատգամավորը» պարզապես պարտավորված են «զեկուցել», որ իրենց խոստացած ձայները տվել են Արմեն Հարությունյանին... Այս «գծագրության» արդյունքում երեկ երեկոյան իշխանությունները եւ նրանց հարողները տոնեցին հերթական պատվերի իրենց հաղթանակը»:

Թերթերն իրարից հետ չմնալով ազդարարում են պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խորհրդարան ժամանելը: «Պատկերացրեք քվեարկության էր եկել ԱԺ-ում երբեւէ չհայտնվող Գագիկ Ծառուկյանը», - հայտարարում է «Ազգ»-ը: «Քվեարկությանը մասնակցելու համար կարճատեւ այցով խորհրդարան էր ժամանել Օլիմպիական կոմիտեի նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը», - իր հերթին, մատուցում է «Հայոց Աշխարհ»-ը՝ փոխանցելով նաեւ, թե, ի պատասխան լրագրողների հարցերի, թե ում է ընդգրկելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ, Ծառուկյանը ասել է. - «Ովքեր կցանկանան, մեզ մոտ դռները բաց են. մեզ համար կապ չունի` դիմություն-ընդդիմություն»: Ըստ «168 ժամ»-ի, Գագիկ Ծառուկյանին անհանգստացրել էր, մասնավորապես, որ հայրենի լրատվամիջոցները ըստ պատշաճի չեն լուսաբանում Ձմեռային օլիմպիադայում ՀՀ հավաքականի մասնակցությունը: Մեջբերելով նրա խոսքերը, թե՝ «մերոնք կմտնեն տասնյակի մեջ` իրենց հագուկապով, հագուստի գեղեցկությամբ», թերթը հավելում է. - «Ի դեպ, այդ հագուկապն այնքանով էր ուշագրավ, որ հայ մարզիկների մեջքին «Հայաստան» վերտառության տակ պատկերված էր առյուծի մեծ գլուխ»: Նույն թերթը հիշեցնում է. - «Մի առիթով Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե ԱԺ-ն իր տեղը չէ: Երեկ լրագրողները հետաքրքրվեցին, թե այսօր է՞լ է նույն կարծիքին: Ծառուկյանը պատասխանել է. - «Այո, իմ տեղը չի այն բանով, որ որոշ հիմնական պատգամավորներ իրենց գալու իմաստը չգիտեն, թե ինչի համար են գալիս: Բայց Ծառուկյան Գագիկը իրենց նման կնոպկա սեղմող չի, որ գա, կնոպկա սեղմի ու գնա»:


«SOS իրավիճակներում խորհրդարան է բերվում ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը՝ ալրաղացի Լյովիկը», - արժեվորում է «Հայկական ժամանակ»-ը՝ նկարագրելով. - «Երեկ այդ իրավիճակներից մեկն էր: Բայց, քանի որ նրան չէին հասցրել լավ բացատրել, թե նա ո՞ւմ օգտին պետք է քվեարկի, վերցնելով քվեաթերթիկը՝ նա շշուկով հարցրեց հանձնաժողովի յուրային անդամներին. «Հիմա ի՞նչ անեմ»: Հանձնաժողովականներից մեկը հուշեց. «Հրանտին պիտի ջնջես»: «Էհ, Հրանտ ջան», - ասաց ալրաղացի Լյովն ու մտավ քվեախցիկ»: «Զի վերացել էր ընտրախցիկի վարագույրը եւ հանրապետական Գագիկ Մելիքյանը կանգնել երկու խցիկների մեջտեղում հստակ հսկում էր «զոնը», «ստուգում, ով ինչպես է քվերակել»: Վերեւում՝ աստիճանների վար, դետի կեցվածքով կանգնած էր Գալուստ Գրիգորիչը ու արծվենի հայացքով հետեւում էր քվեատուփի շուրջ տեղի ունեցող շարժին: Իսկ հանրապետականի ֆրակցիայում գործադիրից դետություն էր անում ոչ անհայտ Հովիկ Աբրահամյանը», - ամբողջացնում է Չորրորդ իշխանություն»-ը:

«Ռամբույեի հանդիպման արդյունքում մի փաստաթուղթ ունեցանք, որը համանախագահողների կողմից ընդունելի էր, սակայն ընդունելի չեղավ ադրբեջանցիների համար», - «Հայոց Աշխարհ»-ի փոխանցմամբ, երեկ հայտարարել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: - «Փաստորեն մեզ համար այդ փաստաթուղթն ընդունելի է, նրանց համար ոչ... Չեմ կածում, թե Ռամբույեում ձախողում է եղել»:



Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG