Մատչելիության հղումներ

Հեյկի Տալվիտիե. «Եվրոպական հարեւանության ծրագիրը անդամակցություն չի ենթադրում, բայց ոչ էլ բացառում է դա»


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն, որը 2003 թվականից ի վեր 10 անգամ այցելել է տարածաշրջան, ավարտում է իր առաքելությունը:

Այսօր Երեւանում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպելուց հետո ֆինն դիվանագետը փաստեց. - «Եվրոպական հարեւանության ծրագիրը չի ենթադրում Հարավային Կովկասի երկրների անդամակցություն Եվրամիությանը, բայց չի էլ բացառում դա»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Կոսովայի կարգավիճակի շուրջ այսօր Վիեննայում սկսված բանակցությունների արդյունքները չեն կարող օրինակ դառնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, Տալվիտիեն կարծիք հայտնեց, թե որեւէ հակամարտության կարգավորման ձեւերը չպետք է նմանակվեն: «Ավելի շուտ լուծեք Ղարաբաղի հարցը, եւ Կոսովոյի օրինակը նմանակելու կարիքը չեք ունենա», - խորհուրդ տվեց Եվրամիության ներկայացուցիչը:

Հեյկի Տալվիտիեն, որը 1995֊1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն էր, փաստեց, որ այն ժամանակ բանակցությունների ձեւաչափն այլ էր, եւ Ղարաբաղը համարվում էր բանակցային կողմ: Մինչդեռ այժմ ենթադրվում է, որ ղարաբաղցիների տեսակետը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանը:

Համատեղ ասուլիսին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը շնորհակալություն հայտնեց Հեյկի Տալվիտիեին եւ տեղեկացրեց, որ այսօր, հավանաբար, կհաստատվի Հարավային Կովկասում Եվրամիության նոր հատուկ ներկայացուցիչ՝ շվեդ դիվանագետ Պետեր Սեմնեբիի թեկնածությունը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG