Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Վրաստանը հայտնվել են «Ֆորբս»-ի «վտանգավոր երկրների» ցուցակում


Ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» ամսագիրը հրապարակել է այս տարի այցելելու կամ աշխատանքի մեկնելու համար վտանգավոր երկրների ցուցակը, որում ընդգրկվել են 14 երկիր՝ 3-ով ավելի, քան նախորդ տարի:

Վարկանիշը կազմելու համար «Ֆորբս»-ի լրագրողները հարցում են կատարել մի քանի ընկերությունների ներկայացուցիչների շրջանում, ովքեր աշխատակիցներին աշխարհի տարբեր երկրներ գործուղող կորպորացիաների պատվերով կատարում են ռիսկերի գնահատում: Երկրները գնահատվում են մի քանի չափանիշներով՝ քաղաքական եւ ահաբեկչական ռիսկերից մինչեւ քաղաքացիական պատերազմի հնարավորություն, հանցավորության մակարդակ եւ իրավապահ ուժերի գործունեություն:

Այս տարի, ըստ «Ֆորբս»-ի, զբոսաշրջության եւ աշխատելու համար առավել վտանգավոր երկրներ են ճանաչվել Իրաքը, Աֆղանստանը, Հայիթին եւ աֆրիկյան 6 պետություններ:

«Այս երկրների համար բնորոշ է բռնապետական կառավարումը, հանրակրթական ցածր մակարդակը եւ կյանքի ցածր արժեքը», - նշում է «Ֆորբս»-ը:

Եվս 4 երկիր՝ Ռուսաստանը, Պակիստանը, Պապուա Նոր Գվինեան եւ Բուրունդին ճանաչվել են «վտանգավոր երկրներ»: Ռուսաստանն այս ցուցակում հայտնվել է Հյուսիսային Կովկասում՝ հատկապես Չեչնիայում տիրող իրավիճակի պատճառով:

«Ֆորբս» ամսագիրը հիշատակել է նաեւ Վրաստանը. 1990-ականներից երկիրը մի քանի մասերի է բաժանած քաղաքացիական պատերազմի պատճառով:

«Երկրի հյուսիս-արեւմուտքում եւ հյուսիսում անջատողական վարչակարգերի առկայությունը, որտեղ չեն ընդունում Վրաստանի կենտրոնական իշխանությունների լիազորությունները, նշանակում է, որ զբոսաշրջիկները պետք է հատկապես ուշադիր լինեն, մասնավորապես՝ Պանկիսի կիրճում, որտեղ Վրաստանի ուժերը բախվել են չեչեն գրոհայինների եւ այլ ահաբեկիչների հետ», - նշում է «Ֆորբս»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG