Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ափսոսանք է հայտնում Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի կապակցությամբ


Ադրբեջանի արտգործնախարարությունը իր խորին ափսոսանքն է հայտնել է Նոր Ջուղայի հայկական հուշարձանների ավերման վերաբերյալ փետրվարի 16-ին Եվրախորհրդարանի հատուկ բանաձեւի ընդունման կապակցությամբ:

«Այս որոշումը պետք է դիտարկվի որպես կողնակալ եւ անտեղի դիրքորոշում՝ Հայաստանում եւ գրավյալ տարածքներում ադրբեջանական պատմամշակութային հուշարձանների հետեւողական ոչնչացման ֆոնի վրա: Եվրախորհրդարանի նման հեղինակավոր կառույցի կողմից բանաձեւի ընդունումը զարմանք է հարուցում», - ըստ «Թրենդ»ի, ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Եվրամիությունում Ադրբեջանի դեսպան Արիֆ Մամեդովը ԱՊԱ գործակալությանը հայտնել է, որ Ստրասբուրգում հարցի քննարկման ընթացքում Եվրախորհրդարանի Քրիստոնյա-ժողովրդավար պատգամավորներից ոմանք, մասնավորապես՝ Հունաստանից եւ Կիպրոսից, բացահայտ կերպով շահարկել են քրիստոնեական գործոնը:

«Մեզ անհանգստացնում է հարցի քննարկման ընթացքը՝ Եվրոպայում ստեղծված իսլամատյացության ֆոնին», - ասել է Մամեդովը:

«Եվրախորհրդարանի բանաձեւում նշվում է, որ 2002 թվականին ավերման առաջին դեպքից հետո Ադրբեջանը չի արձագանքել ՄԱԿ-ի հատուկ զեկուցագրերում արծարծված կոչին: Բանաձեւում Եվրախորհրդարանը խոստորեն դատապարտում է Ջուղայի խաչքարերի ավերումը, Ադրբեջանից պահանջում է թույլատրել, որ մասնագետները եւ Եվրախորհրդարանի պատվիրակները այցելեն Ջուղա եւ տեղում ստուգեն պատահածը», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր Եվրոպայի հայկական ընկերակցության նախագահ Հիլդա Չոբոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG