Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհրդարանը ընդունել է Հին Ջուղայի հայկական հուշարձանների ավերումը դատապարտող բանաձեւ


Եվրախորհրդարանն այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ անդրադառնում է Հին Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացմանը: Հունվարին եվրոպական հարեւանության քաղաքականության մասին զեկույցում խորհրդանականները Ադրբեջանին կոչ արեցին վերջ դնել Նախիջեւանի հարավում հայկական միջնադարյան տապանաքարերի եւ պատմական խաչքարերի ավերմանը: Երեկ երեկոյան էլ ընդունվեց խնդրին վերաբերող առանձին բանաձեւ, որը, ըստ Եվրոպայի հայկական ընկերակցության նախագահ Հիլդա Չոբոյանի, շատ ավելի խստորեն է դատապարտում երեւույթը եւ Ադրբեջանին առաջադրում է հստակ պահանջներ:

«Նշվում է, որ 2002 թվականին ավերման առաջին դեպքից հետո Ադրբեջանը չի արձագանքել ՄԱԿ-ի հատուկ զեկուցագրերում արծարծված կոչին: Բանաձեւում Եվրախորհրդարանը խոստորեն դատապարտում է Ջուղայի խաչքարերի ավերումը, Ադրբեջանից պահանջում է թույլատրել, որ մասնագետները եւ Եվրախորհրդարանի պատվիրակները այցելեն Ջուղա եւ տեղում ստուգեն պատահածը», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հիլդա Չոբոյանը:

Բանաձեւի ընդունումը երեկ ուղեկցվեց բավական բուռն քննարկումներով: Մասնավորապես, դեմ էին արտահայտվում թրքամետ դիրքորոշում ունեցող Եվրոպայի Կանաչները, ովքեր փորձում էին փաստաթղթում հավելել նաեւ ադրբեջանական հուշարձանների ոչնչացման մասին փաստեր: Ոմանք էլ պատճառաբանում էին, թե նման բանաձեւի ընդունումը այժմ նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված ներկայիս փխրուն խաղաղությունը:

Սակայն, խորհրդարանական մյուս ուժերի բերած փաստարկները ավելի համոզիչ դարձան:

«Քարի վրա ձեռքով փորագրված այդ զարմանահրաշ հուշարձանների ոչնչացումը սրբապղծություն է ողջ եվրոպական մշակութային ժառանգության դեմ», - հայտարարեց Եվրախորհրդարանի անդամ, բրիտանացի Չարլզ Թանոքը:

«Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե նկարահանված տեսաժապավենները ընդամենը հայկական քարոզչության արդյունք են, սակայն ես ստացել եմ տեղեկություններ նաեւ տեղում աշխատող անկախ փորձագետներից, ինչպես նաեւ բրիտանացի ճարտարապետ Սթիվեն Սեմից, ովքեր հավաստում են դրանց իսկությունը: Բացի այդ, եթե ժապավենները իրականությանը չեն համապատասխանում, ինչո՞ւ է Ադրբեջանի իշխանությունը մերժում Հին Ջուղա այցելելու մեր մտադրությունը», - ասաց Թանոքը:

Հարցի ուսումնասիրման ընթացքում անգլիացի պատգամավորը խորհրդակցել է բազմաթիվ փորձագետների հետ, լսել է կողմերի տեսակետները: Ադրբեջանի դեսպանությունն այս առթիվ նշել է, թե Ջուղայում կատարվածը ոչինչ է ադրբեջանական մզկիթների դեմ կատարված բարբարոսության համեմատ, եւ նույնիսկ փորձել է ասվածը փաստարկող ապացույցներ ներկայացնել:

«Ես Ադրբեջանի դեսպանատնից ստացել եմ մի քանի լուսանկարներ…Չեմ ժխտում, որ պատերազմի ժամանակ իրոք տեղի են ունեցել ավերածություններ, որոնք արժանի են դատապարտման: Սակայն այդ լուսանկարները 15 տարվա վաղեմություն ունեն, մինչդեռ մենք այժմ քննարկում ենք բարբարոսություն, որ կատարվել է ընդամենը մի քանի ամիս առաջ: Եվ խիստ ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ Նախիջեւանը երբեք պատերազմական գործողությունների գոտում չի եղել», - ասաց Չարլզ Թանոքը:

«Անցած շաբաթ մենք ականատես դարձանք Ռամբույեում ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված հերթական հանդիպմանը: Ես հավատացած եմ, որ հայկական միջնադարյան ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը չի կարող նպաստել խաղաղությանը», - եզրափակեց բրիտանացի պատգամավորը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG