Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկահայերը պահանջում են ամբիոն չտրամադրել ցեղասպանությունը ժխտողներին


Հազարավոր ամերիկահայեր այս օրերին իրենց մտահոգությունն են հայտնում, որ ԱՄՆ-ի Հանրային հեռարձակման ծառայությունը (Public Broadcasting Service - PBS) ապրիլի 17-ին «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ժապավենը եթեր հեռարձակելուց հետո մտադիր է կազմակերպել բանավեճ՝ արդյո՞ք Թուրքիան է մեղավոր Առաջին աշխարհամարտի եւ դրան հետեւած տարիներին հայերի մահվան համար: Հայերը անթույլատրելի են համարում Ցեղասպանության փաստի վիճարկումը:

Ծրագիրն արդեն տեսագրված է. այն տեւում է 25 րոպե: Հայկական տեսակետը պաշտպանում են Փիթեր Բալաքյանը եւ Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը: Թուրքական տեսակետը, ըստ որի ցեղասպանություն չի եղել՝ ընդամենը պատերազմ էր, եւ նույն ժամանակահատվածում զոհվել են նաեւ 3 միլիոն թուրքեր, պաշտպանելու են Լուիսվիլի համալսարանի պրոֆեսոր Ջասթին ՄըքՔարթին եւ թուրք պատմաբան Օմեր Թուրանը:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում սա նոր երեւույթ է՝ Հանրային հեռուստատեսությամբ որեւէ ֆիլմի ցուցադրմանը չի հետեւել բանավեճ: Սակայն քննարկմանը մասնակցած Փիթեր Բալաքյանի փոխանցմամբ, իրենք հայտնվել էին անելանելի վիճակում՝ հրաժարվել բանավեճից կնշանակեր խափանել կինոնկարի ցուցադրումը:

Ամերիկահայությունը վստահ է, որ Հայոց ցեղասպանության թեմայով բանավեճի անցկացումը համազոր է Հոլոքոստի թեմայով քննարկումների կազմակերպմանը՝ հիմնավորելով, թե անհրաժեշտ է պահպահել տեսակետների հավասարակշռությունը: «Արդյո՞ք Հանրային հեռուստատեսությունը երբեւէ կնախատեսի այդպիսի ծրագիր», - ասված է հեռուստաընկերության ղեկավարությանը ուղղված նամակ-բողոքում, որն արդեն ստորագրել է ավելի քան 6 հազար մարդ:

Հիշելով, որ Միացյալ Նահանգների նախագահները տարիներ շարունակ խուսափում են «ցեղասպանություն» բառից՝ չցանկանալով ցավ պատճառել դաշնակից Թուրքիային, այս տարի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ժապավենի ցուցադրումը, այն էլ ԱՄՆ-ի Հանրային հեռուստատեսությամբ, ինքնին կարեւոր հանգամանք է: 650 հազար դոլար արժողությամբ կինոժապավենը ամբողջությամբ ֆինանսավորել են Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունները, եւ հեռուստաընկերությունը համաձայնել է գրեթե անփոփոխ ցուցադրել այն, սակայն պայմանով, որ ֆիլմից հետո եթեր հեռարձակվի բանավեճ, որի մասնակիցներից ոմանք հնարավորություն կունենան վիճարկել ներկայացված փաստերն ու հայերի փաստարկները:

«Առ այսօր մենք գործ ունենք պատմության վիճահարույց մի հատվածի հետ եւ, կարծում ենք, լավ գաղափար է դեմ առ դեմ բանավեճում ներկայացնել թեր եւ դեմ փաստարկները», - ըստ «Վաշինգտոն փոստ» թերթի, ասել է PBS-ի ծրագրերի բաժնի ղեկավար Ջեկոբս Աթլասը:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG