Մատչելիության հղումներ

Արման Մելիքյան. «Երկարաժամկետ, արդյունավետ խաղաղ լուծումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության»


Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի համոզմամբ, Ռամբույեում կայացած բանակցություններից առաջ միջազգային հանրության լավատեսությունը «ինչ-որ բաներ սխալ հաշվարկելու հետեւանք էր»:

«Նույնիսկ այս ձեւաչափով ընթացող բանակցությունները՝ բացառելով Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը, արդեն իսկ որոշակի լուրջ խոչընդոտներ են նախատեսում որեւէ դրական ելքի համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արման Մելիքյանը: - «Արտառոց որեւէ բան այս [Ռամբույեյի] հանդիպման ընթացքում տեղի ունենալ, թերեւս, չէր կարող»:

Մելիքյանի խոսքերով՝ «անընդունելի եւ անհնար է» ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե «իրենց պատկերացմամբ՝ տարածքային ամբողջականությունը չպիտի խախտվի»:

«Եվ այս փաստի հետ պիտի բոլորը հաշվի նստեն: Եվ որեւէ բանակցություն առանց այս փաստերը հաշվի առնելու չի կարող արդյունավետ լինել», - ավելացրեց նա:

Մելիքյանի կարծիքով, անհնար է խնդրի կարգավորման շուրջ լավատեսություն ունենալ, երբ Ադրբեջանը չի ընդունում, որ Ղարաբաղն անկախ պետություն է: Այսօր խոսվում է, թե «իբր բանակցային սեղանին են դրված ադրբեջանցի փախստականների վերադարձի եւ տարածքների վերադարձման խնդիրները, որոնք պետք է իրականացվեն ինչ-որ անհասկանալի հանրաքվեի դիմաց». - «Եվ դա այն դեպքում, երբ Ղարաբաղի ինքնիշխանության խնդիրը արդեն լուծված է»:

«Դեռեւս լուծված չի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու խնդիրը Ադրբեջանի կողմից: Բոլոր նախադրյալները կան, որ այս մոտեցումը մերժելի է ադրբեջանական կողմից: Ուստի որեւէ տարբերակ փախստականների վերադարձի, տարածքների մասին քննարկելն անգամ անհեթեթություն է», - ավելացրեց Մելիքյանը:

«Ես բացառում եմ, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը ընկալելու, հնարավոր է որեւէ երկարաժամկետ, արդյունավետ խաղաղ լուծում», - հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդականը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG