Մատչելիության հղումներ

Բենիտա Ֆերերո-Վալդներ. «Եվրամիությունը ցանկանում է ուժեղացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում»


Այսօր պաշտոնական այցով Հարավային Կովկաս է ժամանելու Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Երկօրյա այցի ընթացքում Եվրամիության հանձնակատարը Թբիլիսիում, Երեւանում եւ Բաքվում կհանդիպի Հարավային Կովկասի նախագահների, խորհդարանի խոսնակների եւ առաջատար քաղաքական գործիչների հետ:

Ինչպես հայտնում է «Եվրաօբզերվեր» ինտերնետային հանդեսը, Եվրամիության պաշտոնյան նոր օրակարգով է գալիս Հարավային Կովկաս՝ սերտացնել Եվրամիություն - Հարավային Կովկաս հարաբերությունները:

«Եվրամիությունը ցանկանում է ուժեղացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ ելնելով էներգետիկայի եւ ընդարձակման իր երկարաժամկետ քաղաքականության կարիքներից: 2006-ը պետք է դառնա մեր գործընկերության ամրապնդման տարի», - հայտարարել է Բենիտա Ֆերերո-Վալդները՝ Հարավային Կովկաս կատարելիք իր առաջին պաշտոնական այցի նախօրեին:

Ինչպես հայտնում են եվրոպական դիվանագետները, հանձնակատարի այցի նպատակն է ցույց տալ, որ Եվրամիության նոր հարեւանություն գործողությունների ծրագիրը, որի հաստատումը հետաձգվել էր Կիպրոսի եւ Ադրբեջանի միջեւ ծագած տարաձայնությունների պատճառով, կրկին հայտնվել է աշխատանքային սեղանին:

Այդ ծրագիրը կամփոփվի մարտի 6-ին կայանաիք Հարավային Կովկասի երեք երկրների եւ Եվրամիության հանդիպումից հետո: Դիվանագետները հայտնել են նաեւ, որ Հարավային կովկասի երեք երկրներին «Եվրամիությանն անդամակցելու հնարավորության աղոտ հույս է տրվելու»: Եվրամիության մի պաշտոնյա հայտնել է, որ եթե Բենիտա Ֆերերո-Վալդներին հարցնեն Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի մասին, նա չի բացառելու այդ հնարավորությունը:

Եվրոպացի դիվանագետների կարծիքով, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն միջնորդելը հնարավորություն կտա Եվրամիություն հասցնել ադրբեջանական եւ ղազախական նավթը: Իսկ Եվրամիության ավելի լայն երկխոսությունը Հայաստանի հետ կարող է օգնել բացելու Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը:

«Նույնիսկ չհաշված Իրանը, այս տարածաշրջանը շատ կարեւոր է Եվրամիության համար: Եվրամիությունը պետք է ներկա լինի այստեղ, պետք է ներքաշված լինի բոլոր այս հարցերում», - ասել է եվրոպացի մի դիվանագետ:

Չորեքշաբթի օրը Բենիտա Ֆերերո-Վալդները Վիեննայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որը նախազգուշացրել է, թե «Եվրամիության գործողության ծրագրերը չպետք է մրցեն Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունների կարգավորմանը կոչված կառույցների հետ»:

Սակայն, ինչպես նկատում է «Եվրաօբզերվեր» հանդեսը, Եվրամիության հարեւանություն ծրագրի համար սառեցված հակամարտությունները ակնհայտ սպառնալիք են, հատկապես այն պայմաններում, երբ Ադրբեջանի բնակչության 40 տոկոսը պաշտպանում է Հայաստանի դեմ ռազմական գործողությունների գաղափարը, իսկ փոխհրաձգությունները Աբխազիայի ու Վրաստանի սահմանին չեն դադարում:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG