Մատչելիության հղումներ

«Էկոնոմիստ». «Իլհամ Ալիեւը պատրաստ է վճռական քայլեր ձեռնարկել մրցակիցների նկատմամբ»


Բրիտանական հանրահայտ «Էկոնոմիստ» հանդեսը հերթական վերլուծական-կանխատեսումն է հրապարակել Ադրբեջանի ներքաղաքական ու տնտեսական զարգացումների վերաբերյալ, ըստ որի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կշարունակի ամրապնդել իր դիրքերը եւ տեսանելի ապագայում կմնա իշխանության գլուխ: Այնուամենայնիվ չի բացառվում, որ քաղաքական դաշտը կտրուկ քայլերով վերակառուցելու Ալիեւի փորձերը հակասություններ առաջացնեն իշխանական վերնախավում:

Անցյալ տարի հեղաշրջաման մեղադրանքով պաշտոնանկ անելով բարձրաստիճան մի քանի ղեկավարների, Ալիեւը ցույց է տվել, որ պատրաստ է վճռական քայլեր ձեռնարկել հավանական բոլոր մրցակիցների նկատմամբ, սակայն «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանների փոխանցմամբ, պարզ չէ, թե արդյո՞ք դա բավարար կլինի՝ եթե Ալիեւի իշխանությանը մարտահրավեր նետի ավելի համախմբված ուժ:

2005 թվականի նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության ճնշմամբ մի քանի ընտրատարածքներում նշանակվել են նոր քվեարկություններ: Այնուամենայնիվ ընդդիմությունը չի հասել այն բանին, որ ամբողջ երկրում զանգվածները պահանջեն համընդհանուր նոր ընտրություններ: Դրան է նպաստել նաեւ այն, որ կառավարությունը խիստ սահմանափակումներ է գործադրել, իսկ իրավապահներն ապացուցել են, որ պատրաստ են ուժ կիրառել ցուցարարների դեմ, ինչի արդյունքում բողոքի ակցիաները լայն տարածում չեն ստացել:

Միջազգային համայնքի կողմից էլ՝ հանուն Ադրբեջանի եւ տարածաշրջանի կայունության, առանձնապես լուրջ քննադատություն չի հնչի Ադրեբեջանի հասցեին, ինչն էլ ավելի նպաստավոր է Իլհամ Ալիեւի համար:

«Էկոնոմիստ»-ի վերլուծաբանների կարծիքով, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը գործնականում մեծ ընտրություն չունեն, քանզի կողմերից եւ ոչ մեկը չի ցանկանում ապակայունացնել իրավիճակը, բացի այդ, Ադրբեջանում արեւմտյան նավթային ընկերությունների ներկայությունը նույնպես նվազեցնում է այդ երկրի նկատմամբ քաղաքական կամ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:

2006-2007 թվականներին Ադրբեջանում տնտեսության աճը կշարունակվի, եւ, բնականաբար, դրա հիմքում կլինի ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող ածխաջրածնայինների արդյունահանումը: «2005-ին նավթի մեկ բարելի գինը մոտ 55 դոլար էր, 2006-ին էապես չի փոխվի, 2007-ին գուցե կիջնի մինչեւ 47 դոլար», - կանխատեսում է բրիտանական հանդեսը:

Ադրբեջանում համախառն ներքին արդյունքի աճը 2005-ին 24 տոկոս էր, 2006-ին այն կհասնի 27,5 տոկոսի, սակայն 2007-ին կիջնի մինչեւ 11 տոկոս: Դա պայմանավորված կլինի նավթի գնի ակնկալվող անկումով եւ արտասահմանյան ներդրումների նվազմամբ: Ադրբեջանի ազգային տարադրամը՝ մանաթը տեսանելի ապագայում կշարունակի արժեւորվել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG