Մատչելիության հղումներ

logo-print

Համաշխարհային բանկը ակնկալում է Հայաստանի օդային եւ հեռահաղորդակցության ոլորտների ազատականացում


Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակում այսօր քննարկվեցին Հայաստանի վերաբերյալ բանկի փորձագետների պատրաստած ծավալուն փաստաթղթի այն հատվածները, որոնք վերաբերում են օդային եւ հեռահաղորդակցության ոլորտներին։

Համաշխարհային բանկի փորձագետ Դագ Էնդրյուսը, ով անմիջականորեն ղեկավարել է փաստաթղթի Քաղաքացիական ավիացիային վերաբերող հատվածի մշակումը ասաց, որ իրենք ակնկալում են այդ բնագավառի հետագա ազատականացում, շուկայում մենաշնորհային դիրք ունեցող ընկերության՝ «Արմավիա»-ի բացառիկ իրավունքների սահմանափակում:

«Ավիացաիայի ոլորտում կառավարության քաղաքականությունը սահմանափակող է։ Մենք հասկանում ենք, որ «Արմավիա»-ի հետ մինչեւ 2013 թվականը ընդգրկող բացառիկ համաձայնագիրը հիմնական խոչընդոտն է, որից տուժում է ուղեւորը», - ասաց Էնդրյուսը՝ հավելելով, որ թեեւ վերջին տարիներին հայաստանյան շուկա այլ ուղեւորափոխադրողներ են մուտք գործել, սակայն տոմսերի գները շարունակում են բարձր մնալ:

«Ամբողջ արեւմտյան աշխարհում ակնհայտ են ցածրարժեք փոխադրողների առավելությունները, ու նրանք սկսել են աշխատել նաեւ բազմաթիվ զարգացող երկրներում», - փաստարկեց փորձագետն ու մեջբերեց Համաշխարհային բանկի տեսակետը, թե այսպես կոչված «բաց երկնքի քաղաքականությունը» (ազատական օդային շուկան) լավագույն մոդելն է, որից օգտվում են, մասնավորապես, մերձբալթյան երկրները:

Քննարկմանը հրավիրված Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, մինչդեռ, ասաց, որ իրենց համար բացարձակ ազատական ավիափոխադրումների շուկան անընդունելի է, քանի որ այդ դեպքում վտանգ կա, որ Հայաստանը կկորցնի իր միակ ազգային փոխադրողին: Ուստի, ըստ վարչության պետի, «Արմավիա»-ին տրված բացառիկ մենաշնորհը արդարացված է, քանի որ ընկերությունը պարտավոր է աշխատանքով ապահովել օդաչուական անձնակազմին, տարեկան մեկ միլիոն դոլար վճարել պետությանը եւ այլն:

«Բացառիկ իրավունքները տրված են մի շարք պարտականություններ կատարելու համար», - ասաց Մովսիսյանը:

Արտյոմ Մովսիսյանը այսօր անհավանական համարեց նաեւ հայկական ավիաուղիներով ցածրարժեք փոխադրումների հնարավորությունը՝ հիմնավորելով ավիավառելիքի բարձր գներով, ինչպես նաեւ ազգային փոխադրողին կորցնելու վտանգով:

Համաշխարհային բանկի զեկույցի՝ հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող հատվածում նշված է, որ «ԱրմենՏել»-ին տրված բացառիկ իրավունքները չեն նպաստում Հայաստանի կապի ոլորտի մրցունակության աճին։

«Երկիրը հեղահաղորդակցության տարածաշրջանային շուկաներում շարունակում է խնդիրներ ունենալ», - ասաց Դագ Էնդրյուսը։

Սակայն քննարկմանը ներկա «ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը հակառակ կարծիքի է։ Նա ասաց, թե իրենց տրված մենաշնորհի շրջանակներում իրենք 300 միլիոն դոլար են ներդրել, ու այժմ իրենց ծառայությունների որակի կորագիծը անընդհատ վեր է բարձանում.

«Հիմա շարժական կապի որակը համապատասխանում է միջազգային նորմերին եւ ես հույս ունեմ, որ մինչեւ տարվեվերջ երկու օպերատորների ծառայություններն էլ կարող են ծածկել երկրի ողջ տարածքը», - ասաց պարոն Ֆետսիսը։

Նա նշեց, որ Հայաստանի բջջային կապի շուկան զարգանում է ֆանտաստիկ տեմպերով՝ փաստարկելով. եթե 2004 թվականին բջջային կապից օգտվում էր մոտ 200 հազար բաժանորդ, ապա այժմ դրանց թիվը մոտ 650 հազար է։

Վասիլիս Ֆետսիսը այսօր նաեւ կարծիք հայտնեց, թե Հայաստանում իրականացված հաջող մակրոտնտեսական բարեփոխումների հետեւանքով երկրի ռիսկայնությունը նվազել է, եւ իրենք կարող են դրսի մասնավոր բանկերից շոշափելի վարկային միջոցներ ստանալ։ Մասնավորապես, Եվրոբանկը համաձայնել է «ԱրմենՏել»-ին 24 միլիոն եվրո գումարի մատչելի պայմաններով երկարաժամկետ վարկ հատկացնել՝ եվրոպական շուկաներից սարքավորումներ ձեռքբերելու նպատակով։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG