Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ըստ իշխանական աղբյուրների, Ռոբերտ Քոչարյանը Ռամբույեից վերադարձել է բավականին անտրամադիր եւ միանգամից մեկնել Ծաղկաձոր՝ չցանկանալով անգամ որեւէ մեկին ընդունել», - փոխանցում է «Իրավունք»-ը՝ նախանշելով. - «Թեեւ կոնկրետ այս պահին Ռոբերտ Քոչարյանի մոտ «լոխ լավ ա», այնումենայնիվ, «արտաքին ճակատում» բարդությունները առաջիկա շաբաթներին բազմապատկվելու են՝ պահանջելով անհապաղ լուծումներ»:

«168 ժամ»-ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը Ռամբույեից վերադառնալուց հետո անմիջապես իր մոտ է հրավիրել կոալիցիային (առանձին-առանձին) եւ «ի զարմանս կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարների, որոնք կարծել են, թե Քոչարյանը իրենց հրավիրել է բանակցությունների հնարավոր մանրամասներին տեղեկացնելու ու իր տպավորությունները կիսելու համար, Ռոբերտ Քոչարյանը կոալիցիային է ներկայացրել իր դժգոհությունը վերջիններիս հայտարարությունների առնչությամբ, թե՝ Հրանտ Խաչատրյանը կարող է լավ օմբուդսմեն լինել, բայց կա այդ պաշտոնն Արմեն Հարությունյանին վստահելու մասին քաղաքական որոշում»: «Քոչարյանը լուրջ մտավախություն ունի, թե այդ հայտարարություններից հետո Արմեն Հարությունյանն առաջիկա քվեարկության ժամանակ չի հաղթահարի 79 կողմ ձայնի պատնեշը, իսկ Սահմանադրությունը նույն թեկնածուին երրորդ անգամ առաջադրել թույլ չի տալիս», - գրում է թերթը՝ նաեւ հավելելով. - «Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը օդանավակայանից մեկնել է Ծաղկաձոր, եւ հենց այնտեղ էլ հանդիպել է կոալիցիային: Իսկ օդանավակայանում նա հեգնելով դիմել է Արթուր Բաղդասրայանին՝ ասելով. «արդեն ընդդիմությա՞նն եք պաշտպանում»»:

«Ադրբեջանի անզիջում կեցվածքը սկզբից եւեթ բանակցությունների ձախողումը հնարավոր համարելու հնարավորություն տվեց», - մատուցում է «Ազգ»-ը: - «Ելնելով ստեղծված իրավիճակից, կարելի է ենթադրել, որ «հնարավորության պատուհան» ասվածն առնվազն պետք է վերաբերի ողջ 2006 թվականին, այլապես կարելի է փաստել, որ նման որեւէ պատուհան գոյություն չունի... Մեկ այլ մոտեցման դեպքում էլ, եթե ճշմարտությանը մոտ է բանակցային գործընթացին մոտ գտնվող աղբյուրների տարածած տեղեկությունը, ապա բանակցություններն իսկապես ձախողված չի կարելի համարել, քանի որ դրանք գոնե ընթացել են մինչեւ որոշակի կետ»:

«Փակուղի՝ Ադրբեջանի մեղքով» վերնագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ում շարադրված է. - «Ակնհայտ էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված 1,5 էջանոց սկզբունքները հիմնված են երկու «հենասյուների» վրա՝ ազատագրված տարածքների մի մասի վերադարձ-հետաձգվող հանրաքվեի դիմաց... Մերժելով վերոհիշյալ սկզբունքներից մեկը եւ այն բանաձեւելով իբրեւ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիր», Ադրբեջանի ղեկավարությունը հստակորեն դեպի փակուղի է առաջնորդել Ռամբույեի բանակցությունները», - ուղղորդում է թերթը՝ միաժամանակ նշելով. - «Հայկական կողմից սպասվող համիմաստ քայլը՝ ազատագրված տարածքներից հայկական ուժերի դուրսբերման հարցը, Ռամբույեում որեւէ տարաձայնություն չի առաջացրել»։

Նույն թերթի հարցազրույցում Աժ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ասում է. - «Միջազգային կազմակերպությունները պետք է հրաժարվեն կողմերի նկատմամբ տարիներ շարունակ վարվող հավասարեցման քաղաքականությունից։ Սա հնարավորություն կտա մեծացնել իրենց մանեւրի հնարավորությունները եւ վերաբերմունք արտահայտել կամ քայլեր ձեռնարկել բանակցությունները ձգձգող կողմի նկատմամբ։ Հակառակ դեպքում, մանավանդ ադրբեջանական ղեկավարության ներկայիս պահվածքի պարագայում, դժվար թե տեսանելի ապագայում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իրական հնարավորություններ ստեղծվեն»։

«Կարող է հարց առաջանալ, թե ինչու Արեւմուտքը այսօր ճնշում չի գործադրում Ադրբեջանի վրա՝ կարգավորման «Ռամբույեի տարբերակը» պարտադրելու ուղղությամբ», - «Առավոտ»-ի խմբագրականում առաջ քաշած այս հարցին Արամ Աբրահամյանը պատասխանում է. - «Դրա շանսը մենք ունեինք, եթե ժողովրդավարական, քաղաքակիրթ երկիր լինելու առումով գոնե կես քայլ առաջ լինեինք Ադրբեջանից: Բայց քանի դեռ երկու երկրների ղեկավարները դրսեւորում են նույն ավտորիտար «մենթալիտետը», այս կողմից որեւէ արտոնություն սպասելն անիմաստ է... Եթե հայկական կողմի դիրքորոշումն իսկապես այդպիսին է, որ հայկական կողմը գրավյալ տարածքներից զորքերի դուրսբերման գրաֆիկը ցանկանում է կապել հանրաքվեի անցկացման ժամկետի հետ եւ այդ տրամաբանությամբ առաջարկում է Քելբաջարը հանձնել ամենավերջում, երբ ադրբեջանցիները համաձայնեն հանրաքվե անցկացնել Լեռնային Ղարաբաղում, ապա ապա, հավանաբար, սխալ կլինի, որ ազգայնականներն սկսեն մեղադրել մեր ղեկավարներին «դավաճանության» եւ «հողերը հանձնելու» մեջ: նույնքան սխալ կլինի, որ «նախկիններն» ասեն. «Ըհը՜ , տեսա՞ք, որ համաձայն եք փուլային տարբերակին»: «Տարածաշրջանում խաղաղություն հաստատելը շատ ավելի կարեւոր է, քան մանկապարտեզային մակարդակով սեփական ամբիցիաները առաջ տանելը», - շեշտադրում է խմբագիրը: - «Այսպիսով, Ռամբույեում քննարկվող տարբերակը, կարծես թե, կարող էր առողջ փոխզիջման հիմք հանդիսանալ, սակայն ադրբեջանական կողմն այս անգամ էլ, ինչպես Քի Ուեսթում, պատրաստ չեղավ վճռական քայլ կատարել դեպի խաղաղություն»:

«Ռամբույեում կրած հարվածից հետո համանախագահներին իսկապես դժվար կլինի բանակցությունները շարունակելու համար նոր բան մտածելը», - գտնում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը, նախորդ մի քանի ամիսների ընթացքում հավաստիացնելով, որ 2006 թվականին ԼՂ հակամարտության լուծումը կարող է իրականություն դառնալ, պարզապես չար կատակ են խաղացել ողջ միջազգային հանրության գլխին: Թե այդ կատակում որ կողմն ինչ չափով է դերակատարում ունեցել, դժվար է ասել... Սակայն կարեւոր չէ, թե ով էր չար կատակի հեղինակը, կարեւորն այն է, որ այդ կատակն ավարտվեց Ռամբույեում, եւ այսօր բոլորին հետաքրքրում է մի բան` ի՞նչ է սպասվում առջեւում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG