Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Հարցերը առավել բարդանում են, երբ մոտենում ես դրանց լուծմանը»


«Նախագահները համաձայնության չեկան այն օրակարգային հարցի շուրջ, որը դրվել էր սեղանի վրա, սակայն դա ստվեր չի գցում նախորդ հանդիպումների եւ դրանց ընթացքում ձեռք բերված հաջողություների եւ համաձայնությունների վրա», - մեկնաբանելով Ռամբույեի բանակցությունները, այսօր հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Բազմիցս ասվել է, որ 2005 թվականին առաջընթաց արձանագրվել է, այդ առաջընթացը մնում է: Ակնհայտ է, որ ինչքան առաջ ես գնում, հարցերը առավել բարդանում են, երբ մոտենում ես դրանց լուծմանը», - նշեց Վարդան Օսկանյանը եւ ավելացրեց. - «Փարիզում նախագահների առաջ դրված հարցը բավական բարդ խնդիր էր, պետք չէր ակնկալել, որ միանգամից այդ հարցը հնարավոր կլիներ լուծել: Իհարկե, ցանկալի էր, որ նախագահները կարողանային այդ հարցը նույնպես համաձայնեցնել, բայց դա չստացվեց»:

Մարտին Վաշինգտոնում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը եւ կորոշվեն հետագա քայերը: Վարդան Օսկանյանը վստահություն հայտնեց, որ «շարունակություն կլինի, ու, երեւի թե, նախարարները նորից կսկսեն իրենց հանդիպումները»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG