Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Մենք պետք է փորձենք օգտագործել բոլոր հնարավորությունները»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իսրայելին կոչ է արել բանակցել Պաղեստինի խորհրդարանական ընտրություններում հաղթած ՀԱՄԱՍ մահմեդական խմբավորման հետ՝ հետեւելով հայ-ադրբեջանական բանակցությունների օրինակին:

Ընդունելով Ամերիկայի հրեական կազմակերպությունների ղեկավարներին, Ալիեւը ակնարկել է, որ Իսրայելը պետք է օրինակ վերցնի Ադրբեջանից, որը բանակցում է Հայաստանի հետ, թեեւ բանակցությունները արդյունք չեն տալիս:

«Մենք պետք է փորձենք օգտագործել բոլոր հնարավորությունները: Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու շանսեր կան», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ ավելացնելով. - «Ցանկացած ագրեսիվ քայլ նոր բռնություն է ծնում»:

Իսրայելում լույս տեսնող «Ջերուսալեմ փոստ» թերթը այսօր գրում է, որ Ալիեւը նաեւ զգուշացրել է հրեական պատվիրակության անդամներին, որ «հարեւան Իրանի հետ առճակատումը կարող է ապակայունացնել ողջ տարածաշրջանը»:

Ամերիկայի գլխավոր հրեական կազմակերպությունների ղեկավարների խորհրդի նախագահի օգնական Մալքոլմ Հոենլեյնը երեկ Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է, որ հրեական կազմակերպությունները ցանկանում են, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով եւ ուրախ կլինեին, եթե Ռամբույեի բանակցություններում առաջընթաց արձանագրվեր: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել նպաստել ամերիկյան Կոնգրեսում Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձեւի լիակատար վերացմանը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG