Մատչելիության հղումներ

Հայազգի գործարարը՝ ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում


Ռուսաստանյան «Ֆինանս» ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի 720 ամենահարուստ մարդկանց ցուցակը, որում 420 միլիոն դոլար կապիտալով 95-րդ տեղը զբաղեցնում է հայազգի գործարար, 35-ամյա Դանիիլ Խաչատուրովը:

Մոսկվայում ծնված Խաչատուրովը «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունների խմբի գլխավոր տնօրենն է: Նրան են պատկանում «Ռոսգոսստրախ»-ի արժեթղթերի 75 տոկոսը եւ Մոսկվայի քաղաքային հիպոտեկային բանկը: 2004 թվականի մարտին «Ռոսգոսստրախ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նա փոխարինել է «Տրոյկա-դիալոգ» ընկերության ղեկավար Ռուբեն Վարդանյանին:

Ռուբեն Վարդանյանի կարծիքով, պարզ չեն այն չափանիշները, որոնց հիման վրա կազմվում են այդ ցուցակները: «Այսօր Ռուսաստանում քիչ չեն մարդիկ, ովքեր իրենց ունեցվածքը ձեւակերպում են բարեկամների կամ այլ մարդկանց անուններով: Թեեւ, այսպես թե այնպես, ցուցակը արտացոլում է իրական պատկերը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հայազգի գործարարը:

«Ֆինանս» ամսագրի հրապարակած ցուցակում կան նաեւ մի շարք այլ հայկական ազգանուններ, օրինակ՝ «Ռեսո» ապահովագրական ընկերության հիմնադիրներ Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսովները, ովքեր ավելի համեստ կապիտալով հայտնվել են Ռուսաստանի 720 ամենահարուստ գործարարների ցուցակում:

Ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում են նաեւ կինոարտադրող «Սենթրալ փարթներշիփ» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը, «Բորոդինո» ընկերությունների խմբի հիմնադիր Տիգրան Ներսիսյանը, «Յարպիվո» գարեջրի արտադրության հիմնադիր Անատոլի Արզիմանովը:

Ռուբեն Վարդանյանի փոխանցմամբ, ռուսաստանցի հայերի մեծ մասը, այսպես ասած, «միջին կարողության մարդիկ են»:

Այսօր ամենահարուստ ռուսաստանցին Չուկոտկայի նահանգապետ, «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչն է, որի կարողությունը, ըստ փորձագետների, 18 միլիարդ դոլար է: Ի դեպ, երբեմնի ամենահարուստ ռուսաստանցի Միխայիլ Խոդորկովսկին նույնպես ցուցակում է, սակայն՝ վերջին տեղերում:

Ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում են նաեւ Պետդումայի եւ Դաշնության Խորհրդի 40 պատգամավորներ, եւ, ինչպես նշում են անկախ փորձագետները, իսկական օլիգարխներին պետք է փնտրել հենց բարձրաստիճան չինովնիկների մեջ:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG