Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի քաղաքագետների կարծիքով, «պրահյան գործընթացը» մոտեցել է ավարտին


Ադրբեջանցի քաղաքագետներն ու քաղաքական գործիչները չեն բացառում, որ Ռամբույեի բանակցությունների անհաջող ելքը հերթական անգամ սառեցնի վերստին ակտիվացած բանակցային գործընթացը: Քաղաքագետ Իլգար Մամեդովը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր պնդեց, թե Ռամբույեում ավարտին մոտեցավ ղարաբաղյան կարգավորման բանակցութունների եւս մի փուլը՝ այսպես կոչված «պրահյան գործընթացը»:

«Առնվազն մեկ տարի առաջ արդեն զգացվում էր, որ երկու կառավարություններն էլ մտահոգված են ընտրություններով ու դրանց ընթացքում Արեւմուտքի աջակցությունը ստանալու անհրաժեշտությամբ: Պրահյան գործընթացը երկու կողմերը պարզապես օգտագործում էին՝ ելնելով իրենց նպատակներից: Ընտրական շրջանը Ադրբեջանում ու Հայաստանում ավարտվեց, ու պրահյան գործընթացի անհրաժեշտությունը վերացավ: Եվ օրինաչափ էր, որ այդ գործընթացը նման տխուր ավարտ արձանագրեց», - ասաց Մամեդովը:

«Եթե պայմանավորվածությունների ձեռքբերման հարցը կախված լինի Ադրբեջանի ու Հայաստանի բարի կամքից՝ որեւէ արդյունք ակնկալել հնարավոր չի լինի: Բայց եթե մեծ տերությունները լրջորեն ձեռնամուխ լինեն այս գործին`մեռյալ կետից շարժվել հնարավոր է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մեկ այլ ադրբեջանցի քաղաքագետ՝ Ռասիմ Մուսաբեկովը:

Ադրբեջանցի քաղաքագետները, այդուհանդերձ, համոզված են, որ թեեւ Ռամբույեում լուրջ տեղաշարժեր չարձանագրվեցին, ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ անելիք ունի:

«Չեմ կարծում, որ խոսքը Մինսկի խմբի վախճանի մասին է: Խոսքը պրահյան գործընթացի եւ դրա հիմնարար սկզբունքի՝ հանրաքվեի գաղափարի կրախի մասին է», - ասաց Իլգար Մամեդովը:

Իսկ Ռասիմ Մուսաբեկովը չբացառեց, որ առաջիկայում բանակցային գործընթացը սառեցվի այնպես, ինչպես դա եղավ Քի Ուեստի բանակցություններից հետո:

«Դա շատ հավանական է», - պարզաբանեց Մուսաբեկովը: - «Այդ պարագայում մեզ սպասում է սպառազինությունների մրցավազքի լուրջ փուլ տարածաշրջանում: Իսկ երբ զենք են գնում, այն երբեմն կրակում է»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG