Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 11-ը փետրվարի)

«Իրականում մեր տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի այն դեպքում, երբ հայկական եւ ադրբեջանական հասարակությունների մեծ մասը անկեղծորեն (ոչ թե՝ եվրոպացիների աչքին թոզ փչելու համար) համոզվի, որ աշխարհիս երեսին անհամատեղելի ազգեր չկան: Ռուսներն ու չեչենները, վրացիներն ու օսերը, սերբերն ու ալբանացիները նույնքան համատեղելի են, որքան, ասենք, ֆրանսիացիներն ու գերմանացիները, որոնք պատմության ընթացքում նույնպես բազմաթիվ խնդիրներ են ունեցել: Եվ ցանկացած ազգ պետք է «թշնամի» ազգի մեջ տեսնի նույնպիսի մշակութային պոտենցիալ, ինչպիսին տեսնում է սեփական ազգի մեջ», - գրում է «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը:

Ընդգծելով, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ավելի բարձր է լսվում Ղարաբաղ ադրբեջանցիների վերադարձի հարցը՝ «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Սա, ըստ էության, հետեւանքն է հարցը փաթեթային տարբերակով լուծելու իդեա-ֆիքսի: Այս մտասեւեռման արդյունքում ծնվեց «տարածքներ հանրաքվեի դիմաց» բանաձեւը, որը փոխարինելու եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «տարածքներ խաղաղության դիմաց» տարբերակին... Առաջարկվող տարբերակը համարվում է փաթեթային, որովհետեւ ապառիկ անկախություն է բերում Ղարաբաղին: Սա, իհարկե, այսպես կլիներ, եթե չլիներ Ղարաբաղի ադրբեջանցի փախստականների հարցը»: Ըստ վերլուծաբանի՝ մեծ է հավանականությունը, որ «ադրբեջանցիների վերադարձով ցանկացած տարբերակ ոչ թե հարցի կարգավորում է, այլ նոր հակամարտության սկզբնավորում». - «Ու եթե շատ ավելի լուրջ մոտենանք հարցին, կհասկանանք, որ այսօր մեր խնդիրը ոչ թե Ղարաբաղի իրավական կարգավիճակն է, այլ այն որպես միատարր հայկական բնակչություն ունեցող միավոր պահպանելը»:

«Եթե Ռուսաստանի կողմից խոչընդոտ չլինի, կարծում եմ, կողմերը շատ ավելի շուտ կգան համաձայնության: Խոչընդոտը միանշանակ Ռուսաստանն է, որովհետեւ թե’ աբխազական, թե’ օսեթական, թե’ ԼՂՀ-ի կոնֆլիկտները ձեռնտու են միայն Ռուսաստանին», - «168 ժամ»-ում ասում է ՀՀՇ (Հայոց համազգային շարժում) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւս նույն թերթում նշում է. - «Եթե ինչ-որ ձեւով կոնֆլիկտը գնա կարգավորման, ապա Ռուսաստանի առկայությունը Կովկասում ուղղակի անիմաստ կդառնա: Կյանքը ցույց տվեց, որ նրանք ոչ մի ֆինանսական կամ տնտեսական աջակցություն չեն կարող լուծել»: «Այդ տեսակետները, սակայն, չեն կիսում ռուսամետ համբավ ունեցող գործիչները», - շարունակում է թերթը՝ ներկայացնելով «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքը. - «Ռուսաստանի առկայությունը Կովկասում ամենեւին էլ պայմանավորված չէ կոնֆլիկտներով»:

«168 ժամ»-ը սենսացիոն է գնահատում Բրյուսելում կայացված որոշումը, ըստ որի «Եվրո-2008»-ի նախընտրական նույն խմբում ընդգրկված Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականները խաղերն անցկացնելու են Ադրբեջանում եւ Հայաստանում: «Դե ինչ», - արձագանքում է թերթը, - «այսպիսի որոշումը զարմանք է հարուցում: Միգուցե կազմակերպիչները հույս ունեն, որ իրենց հայրենակից քաղաքագետների աջակցությամբ ղարաբաղյան հակամարտությունն այս տարի կլուծվի, եւ 2007-ին մթնոլորտն ավելի հանդուրժողական կլինի»:

«Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ, խորհրդարանական մեծամասնությունը լուրջ մտավախություններ ունի, որ երկրորդ անգամ եւս չի կարողանալու անցկացնել Արմեն Հարությունյանի թեկնածությունը, որը համաձայնել է կրկնառաջադրվել միայն համառ դիմադրություն ցույց տալուց հետո, այն էլ՝ եթե իրեն տրվեն հստակ երաշխիքներ, որ երկրորդ անգամ անակնկալներ չեն լինի: «Կոալիցիան, բնականաբար, նման երաշխիքներ տալ չէր կարող: Հատկապես որ մեծամասնության համար անսպասելի թեկնածու Հրանտ Խաչատրյանի առաջադրման ձեւաթղթի տակ ստորագրել էին նաեւ ՄԱԿ-ն ու «ժողպատգամավոր»-ը»,-- արձանագրում է թերթը: «Գոլոս Արմենիի»-ի փոխանցմամբ, շաբաթվա վերջին Արմեն Հարությունյանի ընտրվելու շանսի մասին խորհրդարանում զուսպ, շատ զուսպ էին խոսում ոչ միան ընդդիմության, այլեւ կոալիցիայի ներկայացուցիչները:

«2007 թվականի խորհրդարանական ընտրությունների շեմին առավելապես իշխանական կուսակցությունների ստեղծման շքերթը շարունակվում է», - ներկայացնում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Երեկ իր կողմից ստեղծված նոր կուսակցության ծննդի մասին ավետեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը՝ մամուլում հրապարակելով այդ կուսակցության՝ «Նոր Երկիր»-ի ծրագիրը: Սա վերջին շրջանում իշխանական վերնախավի, իսկ ավելի ճիշտ` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հրահանգով կամ «դաբրոյով» ձեւավորված 5-րդ կուսակցությունն է... Հիմա, ըստ ամենայնի, հասունացել է իշխանական քաղաքական ուժերի փոխատեղումների ժամանակը»: «Կուսշինարարության գործընթացը հայրենի անդաստաններում շարունակվում է. գործնականում ամեն ամիս ժողովրդին ուրախացում են նրա շահերի եւս մեկ պաշտպանի ծնունդով», - հեգնում է «Հայոց աշխարհ»-ը: - «Կանցնի էլի մի որոշ ժամանակ, ձյունը վերջապես կհալվի, եւ այդժամ նոր կուսակցություններն ընդհանրապես կսկսեն ծլել ձնծաղիկների պես»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG