Մատչելիության հղումներ

Թուրինում մեկնարկում է ձմեռային օլիմպիադան


Այսօր իտալական Թուրին քաղաքում կվառվի 20- րդ ձմեռային օլիմպիադայի կրակը: 82 երկրներից Թուրին ժամանած պատվիրակությունների թվում է նաեւ Հայաստանը՝ հինգ մարզիկներով:

17 օրվա ընթացքում 2500 մարզիկներ կմրցեն օլիմպիական մեդալների համար: Խաղերի ընթացքը կգնահատեն 650 մրցավարներ, իսկ կմեկնաբանեն ու դրանց մասին ողջ աշխարհում տեղեկություններ կսփռեն ավելի քան 10 հազար լրագրող: Արդեն վաճառվել է մոտ մեկ միլիոն տոմս: Հաշվարկվում է, որ հեռուստատեսությամբ դրանց ընթացքին կհետեւի 2 միլիարդ մարդ:

Հայաստանը մրցում է 3 մարզաձեւերում, ամենաերիտասարդ մասնակիցը դահուկորդ Հովհաննես Սարգսյանն է՝ 18 տարեկան: Ի դեպ, հենց նա է Հայաստանի պատվիրակությունից առաջինը ելույթ ունենալու օլիմպիական խաղերում՝ փետրվարի 14-ին:

Երիտասարդ մարզիկից եւ, ընդհանրապես, մեր պատվիրակությունից ո'չ օլիմպիադայի մասնակիցները, ո'չ էլ մարզիչները մեդալներ չեն ակնկալում. փոխարենը հպարտանում են, որ այս անգամ չեն օգտվել ձմեռային խաղերում հաջողություններ չունեցող երկրներին ՄՕԿ-ի կողմից տրվող արտոնյալ տեղերից եւ Թուրինի օլիմպիադային մասնակցելու իրավունքը նվաճել են սեփական ուժերով: Ըստ փորձագետների, մեր գեղասահորդները լավագույն դեպքում կարող են ընդգրկվել առաջին 15-ի մեջ, դահուկորդները՝ երեսունի: Սակայն սա՝ լավագույն դեպքում:

ԱՄՆ-ի ազգային օլիմպիական կոմիտեն երկրին ոսկե մեդալ բերող մարզիկին խոստացել է 25 հազար դոլար պարգեւ, արծաթե մեդալակրին՝ 15եւ բրոնզե մեդալակրին՝ 10 հազար դոլար:

Առաջին չեմպիոնները հայտնի կդառնան շաբաթ առավոտյան. այդ օրը բիաթլոնում լավագույնը ճանաչված երեք մարզիկները կստանան առաջին օլիմպիական պարգեւները: Իսկ մինչ այդ, այսօր շլացուցիչ փայլերով մեզ կզարմացնեն մրցության կազմակերպիչները, նրանք խոստանում են օլիմպիադիայի բացումը անմոռանալի դարձնել:

Մանրամասներն առայժմ գաղտնի են պահվում. հնարավոր է, որ բացման արարողության տիրուհին լինի Սոֆի Lորենը, հրավիրյալների թվում են Lուչիանո Պավարոտին, Ջորջիո Արմանին, բազմաթիվ երկրների ղեկավարներ ու թագավորական ընտանիքներ: «Ռիթմ, արագություն եւ կիրք», - ըստ կազմակերպիչների, սա է լինելու բացման արարողության նշանաբանը, որն, ի դեպ, սկսվելու է Երեւանի ժամանակով կեսգիշերին:


Հեղինե Բունիաթյան եւ Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG