Մատչելիության հղումներ

Թուրքիայի Ուրֆա քաղաքի դատարանը՝ ավելի քան մեկ տարի քննելուց հետո, հինգշաբթի արդարացրեց «Ակոս» երկլեզու թերթի խմբագրապետ Հրանտ Դինկին, որն այս անգամ ամբաստանվում էր չորս տարի առաջ Ուրֆայի մի գիտաժողովում Թուրքիայի խորհրդանիշներն անարգելու մեջ: Հրանտ Դինկը կտրականապես ժխտում է դա: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան մինչեւ երեք տարի ազատազրկում էր սպառնում:

«Ազատություն» ռադիոկայանին խմբագրապետը տեղեկացրեց, որ չի մասնակցել դատավարություններին. իր տասնչորս փաստաբաններն են մասնակցել, ու իրեն տեղեկացրել, որ այս գործով ինքն արդարացվեց: Բայց սա Հրանտ Դինկի դեմ Թուրքիայում ընթացող երեք դատավարություններից միայն մեկն էր, բոլորն էլ՝ խոսքի ազատությանն առնչվող խնդիրներով:

«Կա ուրիշ մի դատավարություն, որը պետք է սկսվի մայիսի 16-ին Ստամբուլում: Մեղադրանքը՝ մամուլում արված արտահայտություններով Թուրքիայի դատական վարչակազմի վրա ճնշում բանեցնելու փորձն է», - ասաց Հրանտ Դինկը:

Մեկ այլ գործով, որում ամբաստանվում էր թուրքական ինքնությունը վիրավորելու մեջ, «Ակոս» թերթի խմբագրապետը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման, եւ բողոքարկել է վճիռը: Առայժմ գանգատը քննության չի առնված, դա կարող է ամիսներ, անգամ տարիներ տեւել: Այս գործի առիթով էր Հրանտ Դինկն «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում հայտարարել, թե մեղավոր ճանաչվելու դեպքում հավաքելու է ընտանիքն ու հեռանալու է երկրից:

«Ասածս ուժի մեջ է մնում, եթե բարձր դատարանը չչեզոքացնի մեղադրանքը, իրավունքը ինձ հետ չտա՝ կգործադրեմ խոստումս: Երբ պապերս հեռանում էին իրենց տներից, չգիտեին՝ ուր գնալ: Ես էլ ճամփա կելնեմ, տեսնենք՝ Աստված ուր կտանի», - ասաց Հրանտ Դինկը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG