Մատչելիության հղումներ

Հրանտ Խաչատրյան. «Դադարեցնում եմ իմ քաղաքական գործունեությունը մինչեւ քվեարկության ավարտը»


Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը կշարունակվի, ամենայն հավանականությամբ, խորհրդարանի արտահերթ նիստով, բայց ժամկետը դեռեւս հստակ չէ: Ելույթների համար հերթագրվել են խորհրդարանական բոլոր 6 խմբակցությունները:

Ընդդիմադիր պատգամավոր, «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի կարգավիճակում ավելի մեղմ էր խորհրդարանի ամբիոնից: «Բայց՝ մինչեւ քվեարկության ավարտը», - հավելեց նա:

«Այս պահին դադարեցնում եմ իմ քաղաքական գործունեությունը՝ պահպանելով համոզմունքներս», - ասաց նա: - «Վերջնաժամկետը՝ առայժմ մինչեւ քվեարկության ավարտը»:

Իր ելույթում Հրանտ Խաչատրյանը, որը 1998 թվականին եղել է նախագահ Քոչարյանին առընթեր քաղաքական խորհրդի նախագահ, ասաց նաեւ. - «Առաջին բանը, որը պետք է անի խորհրդարանի աջակցությունը ստացած եւ հասարակության վստահությունը վայելող մարդու իրավունքների պաշտպանը, պետք է հանդիպի այսօրվա ազդեցիկ մարդկանց եւ նրանց ասի՝ սիրելիներս, մենք գնահատում ենք ձեր արածը, մենք գիտենք, որ պատերազմ եք անցել՝ պատերազմը դաժանություն է ծնում, բայց դուք մտել եք մի ակոսի մեջ, որը կարելի է բնութագրել որպես պատերազմ սեփական ժողովրդի դեմ»:

Շարունակելով՝ Խաչատրյանը խորհուրդ տվեց. - «Գնացեք, արձակուրդ վերցրեք՝ 5 օր, բայց դահուկ քշելու փոխարեն հավաքեք ձեր կողմից վստահելի մարդկանց, ովքեր կյանքը ձեզնից լավ են պատկերացնում, նրանց հետ խորհրդակցեք, հետո վերադարձեք, նստեք ձեր աթոռին: Իսկ մնացածը արդեն քաղաքական ընդդիմության եւ քաղաքական մեծամասնության պայքարի գործն է»:

Իշխանության երեք խմբակցությունների եւ «Ժողպատգամավոր» խմբի աջակցությունը վայելող թեկնածուն՝ Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին, թե երեկվա քվեարկության արդյունքից հետո չի՞ մտածել ինքնաբացարկի մասին, զարմացած ասաց. - «Ինչո՞ւ: Ես 69 կողմ ձայն եմ հավաքել»:

Խորհրդարանական մեծամասնության ղեկավարները այսօր չընդունեցին «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի առաջարկը՝ նախադեպ ստեղծել, որ մեծամասնությունն ու փոքրամասնությունը միասնաբար պաշտպանեն այս պաշտոնում ընդդիմության թեկնածուին:

Ազգային ժողովի նախագահի առանձնասենյակում տեղի ունեցած բանակցություններից հետո Դալլաքյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մեր ընդդիմախոսները ասացին, որ իրենք ներկայացնելու են Արմեն Հարությունյանի թեկնածությունը, եւ քվեարկության արդյունքում կպարզվի, թե նրանցից ում առավելություն կտրվի: Այսինքն՝ նրանք դեմ են նման նախադեպի ստեղծմանը»:

Խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը այս առիթով ասաց, թե խորը հարգանքով է վերաբերում Հրանտ Խաչատրյանին՝ համարելով «մեր պետականության մեջ, քաղաքական դաշտի կայացման գործում լուրջ ներդրում ունեցող անհատականություն»: «Բայց», - շարունակեց նա, - «կայացվել է արդեն քաղաքական որոշում, հրապարակվել է: Եթե պարոն Խաչատրյանի առաջադրման մասին խոսեին մեկ ամիս առաջ, «Օրինաց երկիր» կուսակցությունը կպաշտպաներ նրա թեկնածությունը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG