Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մի ամբողջ շարք նվիրելով մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացին՝ այսօրվա թերթերը իրենց հրապարակումները վերնագրել են՝ «Ինտրիգները զբոյ են տվել», «Քաղաքական խա՞ղ, թե՞ բառադիություն», «Ազատ, արդար, անկազմակերպ», «Արմենին ջնջեցին, բայց նորից են բերում», «Հայաստանը շարունակում է մնալ առանց օմբուդսմենի»:

«Ըստ մեր աղբյուրների», - փոխանցում է «Առավոտ»-ը, - «ստեղծված խուճուճ իրավիճակից անմիջապես հետո կոալիցիայի լիդերների հետ Ռոբերտ Քոչարյանը Շվեդիայից հեռախոսազրույց է ունեցել եւ բավականին խիստ տոնայնությամբ պարտադրել է վերջ տալ խաղերին եւ անցկացնել Արմենին»:

«168 ժամ»-ում ընդգծված է. - «Երեկ ԱԺ-ն արձանագրեց Ռոբերտ Քոչարյանի այս տարվա երկրորդ խայտառակ պարտությունը: Առաջինը ԵՊՀ այլեւս նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի ձախողված ընտրությունն էր ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում, իսկ երկրորդը` կոալիցիայի` ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, օմբուդսմենի թկենածու Արմեն Հարությունյանի պարտությունը... Ուշագրավն այն է, որ մի դեպքում ընտրողները գործադիր մարմնի ներկայացուցիչներն էին, մյուս դեպքում` օրենսդիր: Եվ փաստորեն, իշխանության վերոհիշյալ երկու թեւերն ակնհայտորեն «դեղին քարտ» են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանին»: «168 ժամ»-ում, սակայն, նաեւ պատկերված է. - «Այս փաստը շատերի համար անսպասելի էր, բայց հազիվ թե արժե կատարվածի տակ քաղաքական ենթատեքստ փնտրել. ավելի հավանական է, որ Արմեն Հարությունյանի ընտրությունը ձախողվեց տեխնիկական պատճառներով. Այսինքն՝ կոալիցիան լավ չէր կազմակերպել գործընթացը»:

«Քոչարյան+կոալիցիա քաղաքական ֆորմատը ի վիճակի չի եղել սեփական որոշումը կյանքի կոչել: Իհարկե, իրադարձությունների նման զարգացման գործում ընդդիմության ձեռնարկած քայլերը վճռորոշ նշանակություն չեն ունեցել, եւ ակնհայտ է, որ տեղի ունեցածի պատճառը իշխանական ճամբարում ծայր առած հակասություններն են», - բխեցնում է «Հայկական ժամանակ»-ը՝ կապակցելով. - «Նման երեւույթի ականատես եղանք նաեւ ԵՊՀ խորհրդի նախագահի ընտրություններում, երբ Ռոբերտ Քոչարյանի «դաբրոն» ստացած Ռադիկ Մարտիրոսյանը չկարողացավ խորհրդի նախագահ ընտրվել... Իհարկե, այս իրադարձությունները տեղի են ունենում այնպիսի մեթոդներով, որ հնարավոր լինի տեղի ունեցածը մեկնաբանել որպես թյուրիմացություն, պատահականություն. կարճ ասած` որպես չկազմակերպված ինչ-որ բան: Բայց անկախ այս մեկնաբանություններից, այսօրինակ իրադարձությունները պետք է լուրջ հոգեբանական ազդեցություն ունենան ներիշխանական հարաբերությունների վրա»:

«168 ժամ»-ում «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը ասում է. - «Բացի կոալիցիայից, ԱԺ-ում կան ուժեր, պատգամավորներ, ովքեր այս ձեւով ընդվզեցին իրենց պարտադրված թեկնածուի դեմ: Պատգամավորներն ուղղակի չեն ցանկանում պարտադրանքի ենթարկվել: Դահլիճում քաղաքական զարգացումներ եղան ու անձնավորված որոշակի խնդիրներ առաջացան»: Նրա խոսքերով, փակ, գաղտնի քվեարկությունը ԱԺ-ի կոալիցիային, որն ասում էր, թե «իմ դեմ խաղ չկա», ցույց տվեց, որ իրենց դեմ, այնումենայնիվ, խաղ կա»:

«Ամբողջ 4 օր Ազգային ժողովում օմբուդսմեն էին ընտրում. ընտրությունները կայացան, օմբուդսմենը ընտրված չէ», - արձանագրում է «Գոլոս Արմենիի»-ին:

«Ըստ մեծամասնության անդամների, նախորդ օրը շուրջ 90 հոգուց «ազնիվ պիոներական խոսք» էին պոկել, որ ընտրելու են Արմեն Հարությունյանին: Ըստ որոշ պնդումների էլ, Արմեն Հարությունյանի չընտրվելու պատճառը շատ ավելի պրոզայիկ է. ոմանց դուր չէր եկել, երբ երեկ թեկնածուն առաջարկել էր իրեն ձայն չտան բոլոր նրանք, ովքեր սպասում են, թե նա կամակատար է լինելու», - գրում է «Առավոտ»-ը՝ հեգնելով. - «Պատգամավորներն էլ ձայն չտվեցին, քանի որ կամակատար էին ուզում»:

«Պրոբլեմը կոալիցիայում է, եւ ես այդ մասին առաջին անգամ չեմ ասում», - «Հայոց աշխարհ»-ում պնդում է «ժողպատգամավոր» խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանը: «Հայկական ժամանակ»-ի ներկայացմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի եղբայրը` պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը, «տարընթերցումների տեղիք չտալու համար բջջային հեռախոսով նկարել էր իր քվեաթերթիկը եւ որպես ապացույց ցուցադրում էր ՀՀԿ խմբակցության ղեկավարությանը»:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, ի պատասխան լրագրողների հարցերին, թե երբ է ինքը տալու այն կուսակցության անունը, որի համամասնական ցուցակով գնալու է 2007-ի ԱԺ ընտրություններին, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ասել է. - «Ժամանակին ավանդույթ կար, երբ մեկը բարեկամին հյուր է գնում եւ փեշի տակ ափսեով բան էր տանում, ու երբ հարեւանն ասում է, թե՝ ի՞նչ ես տանում, պատասխանում էր՝ եթե ուզենայի իմանայիր, էլ ինչի՞ էի դնում գոգնոցիս տակ։ Հիմա եթե ասելու լինեմ՝ կասեմ, եթե չեմ ասում, ուրեմն ինչ-որ խնդիր կա»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG